«Իսկ Նինան շա՞տ խնդրեց», եվ պատասխանը՝ «շատ». Փաշինյանի եվրոպական «բարեխոսության» հետքով. Հակոբ Բադալյան

«Պիտի անկեղծ ասեմ, սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության եւ Վրաստանի միջեւ քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, եւ մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի եւ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարեւոր է Հայաստանի համար, նույնքան կարեւոր, որքան Վրաստանի համար», Եվրախորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Սա հետաքրքիր հայտարարություն է, մի քանի առումով: Վրաստա՞նն է Նիկոլ Փաշինյանին խնդրել, որ Եվրախորհրդարանում բարձրացնի այդ հարցը: Եթե այո, ապա սա մի բան է, եթե ոչ՝ բոլորովին այլ բան:

Հիշեցնեմ, որ Ստրասբուրգ մեկնելուց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Վրաստան, այնտեղ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ, նվագեց նրա հետ ընթրիքի ժամանակ: Կոբախիձե՞ն է խնդրել, որ Հայաստանի վարչապետը Եվրոպայում բարձրացնի ԵՄ-Վրաստան հարաբերության հարցը:

Եթե Վրաստանը դա չի խնդրել, Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է Եվրախորհրդարանում այդ հարցը բարձրացնելը:

Ընդ որում, երբ նա ասում է, թե Հայաստանը Վրաստանի՝ ԵՄ անդամության կարգավիճակ ստանալուց հետո է ընդունել ԵՄ անդամմակցելու մասին հայտնի օրենքը, այդտեղ իր համար տեսնելով հեռանկար, մեղմ ասած զբաղված է մի փոքր երեսպաշտությամբ:

Հայաստանն այդ օրենք կոչվածը ընդունել է 2025 թվականի մարտին, այն ուժի մեջ է մտել ապրիլին: Վրաստանին ԵՄ անդամության կարգավիճակ տվել են 2023 թվականի վերջին: Սակայն, արդեն 2024 թվականի գարնանը ԵՄ-ն հայտարարել է, որ սառեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը: Կրկնեմ, եղեք ուշադիր՝ 2024 թվականի գարնանը այդ գործընթացը սառեցրել են: Ավելին, հետագայում ԵՄ-Վրաստան հարաբերությունը միայն ու միայն վատացել է: Այսինքն, հետագա ընթացքում ոչ միայն չի եղել իրավիճակի բալեվամնա որեւէ շոշափելի նշույլ, այլ եղել է լարվածության աճ: Անգամ կասեցրել են ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար:

Հետեւաբար, երբ Հայաստանը 2025 թվականի մայիսին ընդունել է հայտնի «օրենքը», ԵՄ-Վրաստան հարաբերությունն արդեն նվազագույնը մեկ տարի եղել է կայուն լարվող ռեժիմում, իսկ Վրաստանի անդամակցության գործընթացը՝ կասեցված, սառեցված: Հետեւաբար, երբ Փաշինյանը հայտարարում է Եվրախորհրդարանում, թե՝ «մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի…», դա կարող է հավաստի հնչել միայն նրահայաստանյան կամ սփյուռքյան երկրպագուների, բայց ոչ բազմաշերտ եւ բազմափորձ եվրոպացիների համար: 

Leave a Comment