Սոցիալական ցանցերը հեղեղված են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի մասին տեսանյութերով։ Սակայն դրանց մի զգալի մասը ստեղծված են ԱԲ-ով։ Հակամարտության կողմերը դրանք օգտագործում են հակառակորդի դեմ տեղեկատվական պատերազմում։ Սակայն փորձագետները կարծում են, որ այդ մեթոդը արդյունավետ չէ։ Բանն այն է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի ստեղծած տեսանյութերը թիրախային չեն, քանի որ հասանելի չեն Իրանում։ Իսկ իրանցիների տարածած կադրերը թեև հասնում են նպատակին, հաշված ժամերի ընթացքում բացահայտվում է կեղծիքը։
Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմում լայնորեն կիրառվում է արհեստական բանականության գործիքը՝ որպես քարոզչամիջոց։ Համացանցում, մասնավորապես սոցիալական հարթակներում հաճախ են տարածվում հրթիռակոծության կադրեր, որոնք, ինչպես հետագայում պարզվեց, իրական չեն, այլ ստեղծված են արհեստական բանականությամբ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մեկնաբանում է քարոզչական այդ տեխնոլոգիայի արդյունավետությունը։ Ասում է, որ այդ տեսանյութերը հիմնականում իրենց թիրախին չեն հասնում, քանի որ, օրինակ, Իրանում ինտերնետի հասանելիության խնդիր կա․
«Խոսքը վերաբերում է կոնկրետ Իսրայելի կողմից օգտագործվող արհեստական բանականությանը, որն ուղղված է Իրանի բնակչության դեմ, որը, ըստ էության, տեղ չի հասնում, քանի որ ինտերնետը Իրանի Իսլամական Հանրապետությունում սահմանափակ է։
Այսինքն՝ քաղաքացիները այնտեղ չեն օգտվում ինտերնետից։ Բայց ամեն դեպքում աշխարհի մակարդակով քարոզչության առումով այն բավական կարճաժամկետ կտրվածքով հետաքրքիր արդյունքներ է գրանցում և չակերտավոր «ուժը իսրայելական բանակի», այսպես ասեմ, և «թուլությունը իրանական կողմի» ի ցույց է դրվում հենց արհեստական բանականության միջոցով»։
Այլ է ազդեցությունը իրանցիների ստեղծած կադրերի դեպքում։ Ըստ փորձագետի՝ դրանք որոշ չափով հասնում են նպատակին։
«Իրականում արհեստական բանականության դերը և նշանակությունը շատ մեծ են պատերազմների ժամանակ քարոզչության մեջ, որովհետև դրանով նաև ազդում են բարոյահոգեբանական վիճակի վրա, իսկ բարոյահոգեբանական վիճակը, բոլորս էլ գիտենք, որ ազդում է հենց մարտունակության վրա: Իրանը ևս օգտագործում է արհեստական բանականությունը, սակայն ի տարբերություն Իսրայելի կողմից և ԱՄՆ-ի կողմից օգտագործվողին, իրանականը հենց թիրախային է և հասնում է այնտեղ, որտեղ պետք է հասնի։ Այսինքն՝ պայթյուններ, հրդեհներ ներկայացնելով Իսրայելի տարածքում, ի ցույց է դնում, և իսրայելացիները կարծես իրենց զգում են անպաշտպան, որովհետև մինչև այդ միշտ ասվել էր, որ կա «երկաթե գմբեթը», որ Իսրայելը պաշտպանված է, բայց արի տես, որ այդքան էլ այդպես չէ՝ ըստ արհեստական բանականության»։
Սակայն, ըստ ռազմական փորձագետի, արհեստական բանականությամբ ստեղծած կադրերը հաշված ժամերի ընթացքում բացահայտվում են։
Bellingcat կայքը հետաքննել է իրանական Mehr գործակալության տարածած կադրերը իգական դպրոցի հրթիռակոծության մասին։ Կայքի փորձագետները եզրակացրել են, որ կադրերում պատկերված է ամերիկյան «Տոմահավկ» հրթիռի երկրորդ հարվածը, քանի որ այդ պահին դպրոցի տարածքն արդեն ծխում է։
Այդ փաստը, ըստ Reuters-ի, հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդմանը, որ դպրոցին հարվածել է իրանական հրթիռը։ Գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգները այս պատերազմի միակ մասնակիցն է, որը հստակորեն ունի «Տոմահավկ» հրթիռներ: Հայտնի չէ՝ Իսրայելը ունի այդ հրթիռներից, թե ոչ:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի պարզաբանումը․
«Կան թիրախավորված դպրոցի թե՛ իրական կադրերը և թե՛ արհեստական բանականությամբ պատրաստված կադրերը։ Եթե մենք իրական կադրերն ենք դիտարկում, ապա այնտեղ ակնհայտորեն նկատելի է, որ ոչ թե, այսպես ասեմ, հորիզոնական թեքության հարված է, այլ ուղղահայաց հարված է, ինչը ենթադրում է, որ առնվազն հեռահար հրթիռով հարված է կամ ավիահարված է: Սա, իհարկե, դեռևս քննարկման թեմա է լինելու։ Բայց միևնույն ժամանակ այստեղ կարևոր է նշել, որ մինչև Թրամփի հայտարարությունը, ԱՄՆ-ն հայտարարություն էր տարածել, որով ընդունում էր, որ դպրոցին ինքն է հարվածել, քանի որ այնտեղ տեղակայված են եղել Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները: Մյուս կողմից նաև հասկանալով, որ սա այդքան էլ այդպես չէ, հաջորդ քայլին արդեն հայտարարություն տարածեց, որ Իրանը հենց ինքն է թիրախավորել և իր դպրոցին հարվածել: Այսպիսով, փորձում են նաև մեկ գնդակով երկու նապաստակ խփել»:
Եվրոպոլը զգուշացնում է, որ ճգնաժամը Մերձավոր Արևելքում մեծացնում է ահաբեկչության, ծայրահեղականության և կիբեռհարձակումների սպառնալիքը։ Այդ հակամարտությունը անմիջական հետևանքներ կունենա Եվրոպական միության անվտանգության համար՝ գրում է Reuters-ը։
Եվրոպոլի խոսնակ Յան Օպ Գեն Ուորթը հավանական է համարում, որ կիբեռհարձակումները եվրոպական ենթակառուցվածքների վրա կավելանան։ Կաճի նաև առցանց խարդախությունը՝ շահագործելով հակամարտության մասին արհեստական բանականության գեներացրած տեղեկատվության հոսքը։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ իրանական կողմն, իրոք ,կարող է ապակայունացնող գործողություններ իրականացնել, սակայն թիրախում կլինեն ոչ թե ԵՄ երկրները, այլ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։