Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով

Մարտի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Տաշիր պիցցա» սննդի կետի մոտակայքում վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանության Կոտայքի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվել են դեպքի հանգամանքները։

Կոտայքի համայնքային ոստիկանները ու պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00։40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող «Արարատ» բանկի հարևանությամբ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հովհաննես Տ․-ի, 17-ամյա Ն․ Հ․-ի, 23-ամյա Ռազմիկ Պ․-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Մհեր Մ․-ի և 21-ամյա Գարիկ Հ․-ի միջև, որի ընթացքում վերը նշված անձինք, փոխադարձ հայհոյանքներ հնչեցնելով միմյանց հասցեին, ոտքերով և ձեռքերով իրար հարվածներ են հասցրել։

Կայքի տեղեկություններով՝ Ն. Հ․-ն, Ռազմիկ Պ․-ն և Հովհաննես Տ․-ն նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Leave a Comment