Ինչպե՞ս արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները

Ինչպես արդեն հայտնել ենք 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։

Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։

Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի և կհիշեցնի սպառողներին դրա կիրառման կարգի և հնարավորությունների վերաբերյալ։

Կազմակերպության ներքին ընթացակարգերով ներդրվում և ապահովվում է «ստոպ» գործիքների հասանելիությունը․

  1. հեռավար եղանակով մատուցվող առանձին ծառայությունը արգելափակելու համար՝ «ստոպ ծառայություն» գործիք,
  2. հեռավար եղանակով մատուցվող բոլոր ծառայությունները միաժամանակ արգելափակելու համար՝ «ստոպ բոլոր ծառայությունները» գործիք։

«Ստոպ» գործիքները կիրառելի են առնվազն հետևյալ ծառայությունների նկատմամբ.

Դրամական փոխանցումներ և վճարումներ.

ա. Փոխանցումներ և վճարումներ դեպի երրորդ անձանց հաշիվներ՝ այդ թվում դեպի երրորդ անձանց էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվներ:

Քարտային գործառնություններ.

  • ա. Ծրագրային հավելվածով կանխիկացման հայտերի ստեղծում,
  • բ. Քարտից քարտ փոխանցումներ,
  • գ. Առցանց (card-not-present) վճարումներ և գնումներ,
  • դ. Քարտի կապակցում էլեկտրոնային դրամապանակներին կամ սարքերին
  • (տեխնիկածրագրային հնարավորության դեպքում):

3) Վարկային գործառնություններ.

  • ա. Նոր վարկի ստացում
  • բ. Արդեն իսկ հաստատված վարկային գծի կամ օվերդրաֆտի սահմանաչափի չօգտագործված մասի օգտագործում:

4) Ավանդներ.

  • ա. Գործող ավանդի գումարի վերադարձ, կամ տոկոսների վճարում կամ ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցում,
  • բ. Գործող ավանդի պայմանագրի ժամկետից շուտ լուծում:

5) Այլ.

  • ա. Նոր հաշվի բացում,
  • բ. Նոր վճարային քարտի թողարկում,
  • գ. Այլ բանկի քարտի կապակցում ծրագրային հավելվածին,
  • դ. Նոր սարքերի (հեռախոս, պլանշետ և այլն) կամ այլ հավելվածների կապակցում բանկային հաշվին:

6. «Ստոպ» գործիքները, սույն կանոնակարգի 5-րդ կետով նախատեսված ծառայություններից բացի, կիրառելի են նաև հեռավար եղանակով մատուցվող այն ծառայությունների նկատմամբ, որոնք կարող են սպառողի համար պարունակել ֆինանսական և տվյալների արտահոսքի ռիսկեր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ ծառայությունների համար, կազմակերպությունների կողմից իրենց գործունեության վայրերում մատուցվող ծառայությունների համեմատ, նախատեսված չեն անվտանգության և նույնականացման համարժեք կանոններ։

7. Այն դեպքում, երբ կազմակերպության մեկ ծրագրային հավելվածով գործարկվում է «ստոպ» գործիքը, ապա այն կիրառելի է լինում նաև նույն կազմակերպության մյուս ծրագրային հավելվածների համար:

8. Սպառողի կողմից «ստոպ» գործիքի կիրառմամբ արգելափակված ծառայությունը համարվում է արգելափակված տվյալ կազմակերպության կողմից գործարկվող բոլոր ծրագրային հավելվածներում, անկախ այն հանգամանքից, թե որ ծրագրային հավելվածի միջոցով է կատարվել արգելափակումը։

9. Վարկային բյուրոյի կողմից համապատասխան տեխնիկածրագրային լուծումների առկայության դեպքում սույն կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված գործառնությունների համար «ստոպ» գործիքը կիրառելիս սպառողին ցուցադրվում է հաղորդագրություն և տրամադրվում է հնարավորություն՝ սահմանափակելու սույն կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված վարկային գործառնությունները նաև այլ ֆինանսական կազմակերպություններում։

10. Ծառայությունների արգելափակման դեպքում սպառողը շարունակում է ունենալ հասանելիություն իր հաշիվների, ավանդների և վարկերի մնացորդները դիտելու, ինչպես նաև իրական միջավայրում ֆիզիկապես դրանք օգտագործելու հնարավորություն։

 «ՍՏՈՊ» ԳՈՐԾԻՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

11. Կազմակերպությունը ստեղծում է համապատասխան պայմաններ, որպեսզի սպառողը կարողանա ինքնուրույն կիրառել «ստոպ» գործիքները՝ ծրագրային հավելվածների միջոցով, կազմակերպության գործունեության վայր այցելելու կամ հեռախոսազանգի միջոցով։

12. «Ստոպ» գործիքների ներկայացման ձևի նկատմամբ նվազագույն պահանջներն են.

  1. Ծրագրային հավելվածում նախատեսվում է առանձին, տեսանելի և հստակ նշված «ստոպ» կոճակ կամ գործողություն՝ հասանելի հիմնական էջից՝ երկու գործիքի («ստոպ ծառայություն» և «ստոպ բոլոր ծառայություններ») գործարկման համար,
  2. «Ստոպ» կոճակը տեղակայվում է տեսանելի հատվածում, և սպառողը պետք է կարողանա այն հեշտությամբ նկատել, ճանաչել, հասկանալ և կիրառել,
  3. Գործիքի կիրառումը չի պահանջում բացատրություն կամ հիմնավորում սպառողի կողմից,
  4. «Ստոպ» կոճակը սեղմելիսa սպառողը հնարավորություն ունի տեսնելու բոլոր ծառայությունների ցանկը (այսուհետ՝ ցանկ), ընտրելու այն ծառայությունը կամ ծառայությունները, որոնք ցանկանում է արգելափակել, ինչպես նաև մեկ հպումով ընտրել բոլոր ծառայությունների արգելափակման հրահանգ,
  5. Ցանկը ներկայացվում է մանրամասն՝ ըստ ծառայության տեսակի, ծառայությունների անվանումները ձևակերպվում են սպառողի համար հասկանալի ձևով,
  6.  Ցանկում առանձնացված ձևաչափով նշվում են այն ծառայությունները, որոնք կազմակերպության գնահատմամբ առավել ռիսկային են զեղծարարության տեսանկյունից։

13. «Ստոպ» գործիքների գործարկման նկատմամբ նվազագույն պահանջներն են.

1) «Ստոպ» գործիքի գործարկումից հետո սպառողին ցուցադրվում է սույն կետով սահմանված օրինակելի ձևով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն,

 Հաղորդագրության օրինակելի ձև․

«Դուք արգելափակում եք ձեր ընտրած ծառայություն(ներ)ը/ բոլոր ծառայությունները։ Ոչ ոք (այդ թվում՝ դուք) չի կարող իրականացնել որևէ գործողություն տվյալ ծառայությունների շրջանակում՝ նույնիսկ հավելվածին հասանելիություն ստանալու դեպքում։ Ապաարգելափակման համար դիմեք կազմակերպություն կամ զանգահարեք [հեռ. համար]։»,

2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված հաղորդագրությունը ցուցադրվում է առնվազն 60 (վաթսուն) վայրկյան և ներառում է «հաստատել» և «չեղարկել» կոճակները։ Ծառայությունները արգելափակվում են միայն «հաստատել» կոճակը սեղմելու կամ այլ հաստատող գործողություն կատարելու դեպքում,

3) «Հաստատել» հրահանգը ստանալուց հետո ծառայությունը արգելափակվում է անհապաղ՝ առավելագույնը 60 (վաթսուն) վայրկյանի ընթացքում:

14. Գործիքը գործարկելուց հետո հիմնական էջում սպառողին տեսանելի է արգելափակված ծառայությունների ընթացիկ կարգավիճակը։

15. «Ստոպ» գործիքների գործարկումից հետո հաղորդակցման նկատմամբ նվազագույն պահանջներն են.

  1. «Ստոպ» գործիքի գործարկումից անմիջապես հետո կազմակերպությունը սպառողին ուղարկում է հաստատման ծանուցում՝ տեքստային հաղորդագրությամբ (SMS), էլեկտրոնային փոստի կամ սպառողի կողմից ընտրված հաղորդակցման այլ եղանակով,
  2. Ծանուցումն ուղարկվում է հայերենով, եթե կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել,
  3. Ծանուցումն առնվազն պարունակում է տեղեկատվություն, թե որ կազմակերպության որ ծառայություն(ներ)ն են արգելափակվել, արգելափակման ամսաթիվը և ժամը, ապաարգելափակման ձևերը, հետադարձ կապի տվյալներ՝ հարցերի կամ խնդիրների դեպքում,
  4. «Ստոպ» գործիքի գործարկումից հետո սպառողին ուղարկվում է սույն կետով սահմանված օրինակելի ձևով կամ նույն իմաստն ու իրազեկման մակարդակն ապահովող համարժեք հաղորդագրություն,

 ա․ Տեքստային հաղորդագրության (SMS) օրինակելի ձև.

«Դուք արգելափակել եք [կազմակերպության անվանումը] ձեր ընտրած [ծառայություն(ներ)ը կամ բոլոր ծառայությունները] [ամսաթիվ, ժամ]։ Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Հարցերի դեպքում՝ [հեռ համար]։»,

 բ․ Մոբայլ բանկինգում ծանուցման/«push notification» օրինակելի ձև.

«Թեմա. Ծառայություն(ներ)ը արգելափակված են

Դուք արգելափակել եք ծառայություն(ները)/բոլոր ծառայությունները: Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո: Հարցերի դեպքում՝ [հեռ համար]:»,

 գ․ Էլեկտրոնային նամակի օրինակելի ձև.

Թեմա: Ձեր անունով վարկ ստանալու հնարավորությունը X կազմակերպությունում արգելափակված է

Հարգելի՛ հաճախորդ,

Տեղեկացնում ենք, որ Ձեր նախաձեռնությամբ արգելափակվել է X Կազմակերպությունում հեռավար եղանակով վարկի դիմելու հնարավորությունը։

Սա նշանակում է, որ այս պահից սկսած, Դուք, ինչպես նաև որևէ այլ անձ, չեք կարողանա ստանալ վերոնշյալ ֆինանսական ծառայությունները։

Ապաարգելափակումը հասանելի է միայն Ձեր նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

Գործողություն: Ծառայության արգելափակում

Ամսաթիվ և ժամ: [ԱՄՍԱԹԻՎ, ԺԱՄ]

Հարցերի համար դիմեք [X կազմակերպության անվանումը]՝ զանգահարելով [հեռախոսահամար] կամ գրելով [էլ.փոստի հասցե]։

Հարգանքով,

[X կազմակերպության անվանումը] թիմ

16. «Ստոպ ծառայություն» և «ստոպ բոլոր ծառայությունները» գործիքների գործարկումը կարող է իրականացվել նաև կազմակերպության գործունեության վայրում կամ հեռախոսակապի միջոցով։

Հուլիսի 1-ից հետո գործիքի առկայությունը պարտադիր է՝ բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով:

Leave a Comment