Վիճակագրության կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1 723 դեպք՝ 363-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Միջինացված տվյալով երկրում օրական գրանցվում է ընտանեկան բռնության 4-5 դեպք։ Ամենամեծ աճը եղել է Երևանում․ եթե 2024 թվականին մայրաքաղաքում արձանագրվել էր 398 դեպք, ապա 2025-ին դրանց թիվը հասել է 735-ի՝ աճելով շուրջ 85 տոկոսով։
Մեկ տարի առաջ Աննան երկու երեխաների հետ ընդմիշտ հեռացավ ամուսնուց։ Յոթ տարվա ամուսնական կյանքն ավարտվեց հաստատուն որոշմամբ՝ վերադարձ այն միջավայր, որտեղ ծեծ ու բռնություն կա, այլևս չի լինելու։ Աննայի ծնողները երկրում չէին, և նրան ամուսնու բռնությունից պաշտպանող ոչ ոք չկար։
«Յոթ տարի շարունակ ենթարկվել եմ բռնության։ Չունեի տեղ գնալու, ելք չունեի»,- պատմում է նա»։
Ագնեսան այլ պատճառով է հեռացել։ Ամուսնական կապը խզել է հղիության լուրն իմանալուց անմիջապես հետո։ Ամուսինն ասել էր, որ պատրաստ չէ երեխային պահել։ Վիրավորանքն ու սթրեսն Ագնեսան հաղթահարել է հոգեբանների օգնությամբ։
«Մնացել էի միայնակ ու անպաշտպան։ Վիրավորանքներ, վատ խոսքեր… Շատ ծանր հղիություն տարա»։
Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է ընտանեկան բռնության 1 723 դեպք։ Ցուցանիշը 2024 թվականի համեմատ աճել է 363-ով։ Տվյալները ներկայացրել է Վիճակագրության կոմիտեն։
Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերով հարուցվել է 2 398 քրեական վարույթ։ 2024 թվականին այդ թիվը եղել է 2 207։
Ներքին գործերի նախարարության տվյալներով ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով 2025 թվականին հաշվառման է վերցվել 1 858 անձ՝ 584-ով ավելի, քան նախորդ տարում։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ ընտանեկան բռնությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ Հայաստանում, իսկ հիմնական տուժողները կանայք են։
Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը 2024 թվականին փոփոխվել է։ Դրանցով սահմանվել է, որ բռնություն գործադրող է համարվում նաև զուգընկերային հարաբերություններում գտնվող անձը։
«Եթե նախկինում զուգընկերային հարաբերությունների դեպքում կանայք զանգահարում էին ոստիկանություն և հայտնում, որ իրենց զուգընկերը կամ նշանածը բռնություն է գործադրել, ոստիկանությունը չուներ բավարար գործիքներ այդ անձի նկատմամբ ազդեցություն գործադրելու կամ պաշտպանական միջոցներ կիրառելու համար»։
Իրավապաշտպանը կարծում է, որ օրենսդրական կառուցակարգերը բավարար են ու հստակ բռնության կանխարգելման համար։
«Վերջին տարիներին, անկախ նրանից՝ տուժած անձը ցանկանում է շարունակել քրեական հետապնդումը, թե ոչ, դատախազությունը շարունակում է գործընթացը։ Դա դիտարկվում է որպես հանրային բողոք։ Նույնիսկ եթե կինը հայտարարի, որ այլևս բողոք չունի, պետությունը միևնույն է հետամուտ է լինում, որպեսզի նմանատիպ հանցագործությունները չկրկնվեն»։
Մասնագետների դիտարկմամբ՝ հասարակության ցանկացած լուրջ ցնցում կարող է ազդեցություն ունենալ ընտանեկան բռնության դեպքերի աճի վրա։
«Պատերազմական իրավիճակները, տեղահանությունը, սոցիալական ճգնաժամերը կարող են նպաստել նման դեպքերի ավելացմանը։ Նմանատիպ աճ գրանցվել էր նաև 2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պայմաններում»։
2026 թվականից Հայաստանում կիրականացվի նաև բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիր։ Արդեն կան շահառուներ, որոնք կամավոր կերպով ցանկացել են մասնակցել այդ դասընթացներին։
«Ծրագրի շրջանակում, երբ բռնություն գործադրած անձը հայտնվում է ոստիկանության տեսադաշտում և նրա նկատմամբ կիրառվում է պաշտպանական միջոց՝ նախազգուշացում կամ անհետաձգելի միջամտության որոշում, նրան կարող են ուղղորդել համապատասխան կենտրոն։ Այնտեղ նախատեսվում է աշխատանք հոգեբանի հետ և հատուկ դասընթացներ, որոնք ուղղված են բռնի վարքագծի կանխարգելմանը»։
Ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման նպատակով 2026 թվականի մարտի 1-ից բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել նաև էլեկտրոնային հսկողության միջոց։ Այդ միջոցը կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն։