Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո Կարմիր մահիկը նախազգուշացրել է քիմիական նյութերի արտանետման և թունավոր կամ թթվային անձրևների վտանգի մասին։ Թեհրանի բնակիչները, ըստ լրատվամիջոցների, դժգոհում են աղտոտված օդից, «յուղոտ» անձրևներից ու առողջական խնդիրներից։ Այս դեպքերը մտահոգություն են առաջացրել նաև Հայաստանում․ քաղաքացիները անհանգստանում են, որ թունավոր անձրևներն ու աղտոտված օդը կարող են հասնել մեր երկիր։ Օդերևութաբանները, սակայն, փարատում են մտահոգությունները՝ Իրանից՝ աղտոտված օդային ներթափանցումների ռիսկը նվազ համարելով։
Իրանի Կարմիր մահիկը նախազգուշացրել է՝ Թեհրանում թունավոր կամ թթվային անձրևների վտանգ կա։ Հայտարարությունը հնչել է Իրանի նավթային օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո։
Մարտի 8-ի առավոտյան 10 մլն բնակչություն ունեցող Թեհրանում տեղացած անձրևից հետո իշխանությունները նույնպես զգուշացրին թունավոր թթվային արտանետումների վտանգի մասին։ Associated Press-ի փոխանցմամբ՝ բնակիչներն արթնացել են կոկորդի ցավով և աչքերի այրոցով, նշել են մթնած երկնքի և յուղոտ անձրևի մասին, իսկ իշխանությունները մարդկանց կոչ են արել մնալու տանը։
Թեհրանում բենզինի տեղափոխմամբ զբաղվող բեռնատարի վարորդ Հասան Ռասուլխանին լրատվամիջոցներին պատմել է, թե ինչպես են իսրայելական հարվածների հետևանքով այրվել վառելիք տեղափոխող բեռնատարները։
«Մոտավորապես ժամը 8-ին՝ մայրամուտին, ես բերեցի իմ առաջին բեռը և դատարկեցի։ Երբ վերադարձա՝ երկրորդ անգամ բեռնելու, հասկացա, որ հարվածել են զտարանին։ Շրջեցի բեռնատարը, որ հեռու լինի վտանգից։ Բայց հաջորդեցին այլ հարվածներ։ Բենզինը սկսեց հոսել դեպի բնակելի թաղամասերը։ Բոլոր ոչ ռազմական մեքենաները, որոնք տղաները կայանել էին այստեղ, բռնկվեցին և այրվեցին»։
Բեռնատարի վարորդը հասցրել է մեքենան տեղափոխել մինչև իսրայելական առաջին հարվածը։ Նրա խոսքով՝ տարածքում երեք հարված է եղել, ինչի պատճառով գազը տարածվել է նաև հարակից բնակելի թաղամասերում։
Թեհրանում ստեղծված իրավիճակը «ապոկալիպտիկ» է որակել Guardian-ի հետ զրուցած իրանցին, որն ապրում է քաղաքի կենտրոնական հատվածում։
«Իրավիճակն այնքան սարսափելի է, որ դժվար է նկարագրել։ Ծուխը ծածկել է ամբողջ քաղաքը։ Ես շնչառության դժվարություն և աչքերի ու կոկորդի այրոց ունեմ, մյուսներն էլ են նույնը զգում։ Բայց մարդիկ ստիպված են՝ դուրս գալու, քանի որ այլընտրանք չունեն։ Այսօր շատ վայրեր վերաբացվել են, բայց կրկին փակվել են, քանի որ անհնար է դրսում մնալ»։
Guardian-ի զրուցակիցն ասել է, որ Թեհրանում արդեն պաշտպանիչ դիմակներ գտնելն է դժվարանում։ Նրա կարծիքով՝ տեղի ունեցողը կարելի է մարդկության դեմ ուղղված հանցագործություն համարել։
Մինչ թեհրանցիներն իրենց մաշկի վրա են զգում թթվային անձրևների հետևանքները, Հայաստանում քաղաքացիները մտահոգվում են, որ վտանգավոր արտանետումները գուցե հասնեն մեր երկիր։ Անհանգստությունը հատկապես մեծ է Իրանին սահմանակից տարածքների, հատկապես Սյունիքի մարզի առնչությամբ։
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, սակայն, բացառում է Իրանից՝ աղտոտված օդային ներթափանցումների ռիսկերը։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը Ամբերդի դիտակայանում հետևում է անձրևների որակին։ Ըստ այդմ՝ մարտի 7–8-ի անձրևների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց քիմիական կազմում՝ թթվայնության, անիոնների և կատիոնների մակարդակում, ոչ մի փոփոխություն չի արձանագրվել»։
Օդերևութաբանները նշում են՝ մարտի 9–ից 11-ի ընթացքում Հայաստանը լինելու է հյուսիսարևելյան օդային հոսանքների ազդեցության տակ, իսկ մարտի 12–ից 20-ը հիմնականում կգերակշռեն հարավարևմտյան հոսանքները, որոնք գալիս են Միջերկրական ծովի տարածաշրջանից։
Մթնոլորտային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Իրանից Հայաստան օդային զանգվածների ներթափանցում չի սպասվում։ Մասնագետները նշում են, որ հարավային ցիկլոնները Հայաստան գալիս են հիմնականում Իրաքից, իսկ Իրանից մեր տարածաշրջան դրանք հազվադեպ են գալիս։ Առաջիկա տասը օրերին Իրանի օդային հոսանքները, ըստ մասնագետների, շարժվում են արևմուտքից արևելք։
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է նաև, որ մշտադիտարկում է մթնոլորտային պայմանները, և յուրաքանչյուր փոփոխության դեպքում հասարակությունը կտեղեկացվի առաջին իսկ պահին։ Բնակչությանը հորդորում են հետևել միայն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական տեղեկատվությանը։