Հայաստանը չպետք է Իրանի հետ հարաբերությունները պայմանավորի Մոսկվայով •

Երբ խոսում էինք «Թրամփի ուղու» մասին, ես չէի ասում, որ պետք է դրանից ընդհանրապես հրաժարվել։

Առաջարկում էի մեծացնել դրա մասշտաբը, ներգրավել այն պետություններին, որոնց նկատմամբ Իրանում թշնամական վերաբերմունք չկա, հակառակը՝ բարեկամական հարաբերություններ» են, – «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և հավելել, որ այդ դեպքում «Թրամփի ուղու» ընկալումը մեր հարևան Իրանի կողմից կփոխվի, և այն չի դիտվի որպես թշնամական նախաձեռնություն:

Ո՞ր երկր(ների)ն նկատի ունի երկրորդ նախագահը, դժվար չէ կռահել: Խոսքը Ռուսաստանի մասին է և գործ ունենք երկու սկզբունքային «թյուրըմռնման» հետ:

Ովքեր խոսում են Սյունիքի հարավում հաղորդուղիների հարցում Իրանի դիրքորոշման մասին, պետք է քաջություն ունենան և հայ հանրությանը պարզորոշ ասեն, որ Իսլամական հանրապետությունը ոչ թե առհասարակ դեմ է Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա հաղորդակցությանը կամ, ինչպես մեզանում է ընդունված ասել, «Թուրանի ծրագրին», այլ ցանկանում է, որ այն անցնի իր տարածքով:

Այստեղ արդեն Իրանի համար կարևոր չէ, թե Սյունիքում 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի «սահմանած» կարգո՞վ կվերականգնվի հաղորդակցությունը, թե՞ TRIPP նախագծով:

Եթե Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա «միջանցքը» չի անցնում իր տարածքով, ապա ցանկացած ծրագիր և դրա բոլոր մոդիֆիկացիաները «հակաիրանական» են:

Այս ակնհայտ իրողությունը չասել Հայաստանի քաղաքացուն, նշանակում է ոչ միայն նրան, այլեւ Իրանի պետությունը թերագնահատել, ներկայացնել որպես ոչ թե տարածաշրջանային ինքնուրույն դերակատարի, այլ՝ ավելի հզոր պետության սատելիտի, գործիքի:

Նման «թյուրըմբռնումից» ծնվում է երկրորդը, հայ հանրությանը ներշնչվում է, որ Իրանի համար ԱՄՆ-ը թշնամի է, Ռուսաստանը՝ բարեկամ: Երկու տարի հետո լրանում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը:

Այն ամրագրել է մոտ երեսուն տարի տևած ռուս-պարսկական պատերազմի՝ Իրանի համար կատաստրոֆիկ արդյունքները:

Պարսկական կայսրությունը, որի հյուսիսային սահմանը հասնում էր մինչև Դաղստան, ահռելի տարածքներ է կորցրել: Եվ եթե մենք երկու հազար տարվա հեռվից հիշում ենք Տիգրան Մեծի «աշխարհակալ» Հայաստանը, ապա Իրանում հաստատ ավելի սուր է երկու հարյուր տարվա վաղեմության ողբերգության ընկալումը:

Ոչ ոք Իրանում չի մոռացել 1946թ.-ը, երբ Խորհրդային Միությունը երկրի հյուսիսային տարածքներում կազմավորել է «Ադրբեջանի դեմոկրատական» և «Մեհաբադի քրդական հանրապետություններ:

Փաստ է, որ 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո Խորհրդային Միության և Իրանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են, իրանա-իրաքյան պատերազմում ԽՍՀՄ-ը աջակցել է Սադամ Հուսեյնին:

Նույն տասնամյակում Իրանը աջակցություն է ցուցաբերել Աֆղանստանում խորհրդային զորքերի դեմ կռվող «մոջահեդներին»:

Ռուս-իրանական հարաբերությունների բարդության շատ ընդգծված վկայություն է «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը: Բավական է ասել, որ այն բանակցվել է Իրանի երեք նախագահների՝ Ռուհանիի, Ռայիսիի և Փեզեշքիանի իշխանության շրջանում և ստորագրվել միայն անցյալ տարի: Այն էլ, պարզվում է, փոխադարձ ռազմական օգնություն չի նախատեսում:

Ավելի քան երկու տասնամյակ է՝ Մոսկվան և Թեհրանը գործնական տեսքի չեն բերում «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կառուցման պայմանավորվածությունը:

Եվ նշված փաստերը, ամենայն հավանականությամբ, ռուս-իրանական «սառցալեռան երևացող մասն են միայն»:

Այնպես որ, երբ իրականում ռուս-իրանական ռազմավարական համագործակցություն չկա, երբ Թեհրանի կրոնական, ռազմական և քաղաքական վերնախավը Ռուսաստանի հանդեպ առնվազն վերապահ վերաբերմունք ունի, Հայաստանն Իրանի հետ հարաբերություններն ինչո՞ւ պիտի միջնորդավորի Մոսկվայով:

Leave a Comment