Եվրահանձնաժողովը քննադատել է Զելենսկու սպառնալիքները Օրբանի հասցեին

Եվրոպական հանձնաժողովը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու սպառնալիքները Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին՝ դրանք անվանելով «անընդունելի»։

Հայտարարությունը Բրյուսելում այսօր արել է Եվրահանձնաժողովի խոսնակ Օլոֆ Գիլը։

«Նման խոսույթն անընդունելի է։ ԵՄ անդամ պետությունների հասցեին սպառնալիքներ չպետք է հնչեն»,-նրա խոսքերը մեջբերել է AFP-ն։

«Մեր նպատակն է, որ բոլորը մի փոքր հանդարտվեն, մեղմացնեն հռետորաբանությունը» և հասնեն ընդհանուր նպատակների, ընդգծել է Գիլը։

Հունգարիայի ընդդիմության առաջնորդը կոչ է անում Զելենսկուին պարզաբանել իր խոսքերը

Իր հերթին, հունգարական ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ և Եվրախորհրդարանի անդամ Պետեր Մագյարը կոչ է արել Զելենսկուն պարզաբանել իր խոսքերը և, անհրաժեշտության դեպքում, հետ վերցնել դրանք։

Մագյարը նաև կոչ է արել վերսկսել նավթի մղումը «Դրուժբա» խողովակաշարով։

Զելենսկու սպառնալիքները

Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերին կտա «Եվրամիությունում մեկ մարդու» հասցե, եթե նրանք շարունակեն խոչընդոտել Կիևին տրամադրվող եվրոպական օգնությանը։ Նա ակնարկել էր, որ նկատի ունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Փետրվարի 20-ից Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Խոսքը 90 միլիարդ եվրոյի վարկի մասին է, որից 60 միլիարդը նախատեսված է հատուկ Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար:

Leave a Comment