Ամերիկյան արտաքին քաղաքականությունը՝ իսրայելական ենթակայության տակ

CNN հեռուստալրատվական ցանցի օրերս անցկացրած հարցախույզի տվյալներով՝ ամերիկացիների 59 տոկոսը համաձայն չէ հակաիրանյան պայքարում ամերիկյան ռազմական ուժերի այսքան ինտենսիվ ներգրավվածությանը: Հարցվողների մեծ մասը դեմ չէ դաշնակից իսրայելական բանակին հավելյալ զենք ու զինամթերք մատակարարելուն, ինչը միշտ է եղել, սակայն գտնում է, որ մարտի 1-ից ի վեր ընթացող լայնամասշտաբ ու կործանիչ պատերազմը իրենցը չէ, իսկ հայտնի լրագրողներից ոմանք, ինչպես Թեքըր Կարլսոնը, Տիմ Աթարին, Զաքեր Բ. Վուլֆը եւ ուրիշներ չեն վարանում հայտարարելու, որ իրենց երկրի արտաքին քաղաքականությունը գտնվում է իսրայելական անմիջական ենթակայության ներքո եւ զգուշացնում են Արաբական աշխարհի, ինչպես նաեւ ոչ արաբ մահմեդական շատ երկրների,- որոնք ներկայիս մեծ վնասներ են կրում ռազմական բախումների, իրանյան ուղիղ եւ անուղղակի հարվածների հետեւանքով,- վստահությունը ընդմիշտ կորցնելու վտանգի մասին:

Ամերիկյան վերլուծաբանների քննադատության սլաքները բնականաբար ուղղված են նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա վարչակազմի դեմ եւ ավելի շեշտակի են դառնում ամեն անգամ, երբ հայրենիք են բերվում ռազմական գործողություններում զոհված ամերիկացի զինծառայողների մարմիններ:

Քննադատությունների մեծ մասնաբաժին է ստանում, բնականաբար, նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ Մ. Նահանգները պատերազմական գործողություններում ներքաշելու համար, կարծեք նախագահ Թրամփը երեխա լիներ, որը գնում է այնտեղ, ուր իրեն քաշած տանում է Բիբին:

Անշուշտ երեխա չէ Թրամփը, սակայն իրեն պահում է երեխայամիտ cowboy-ի նման, ինչը կրկին ապացուցվեց, երբ նա հպարտորեն հայտարարեց, որ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին ուզում էր սպանել իրեն, սակայն ինքը ավելի արագաշարժ գտնվեց եւ սպանեց նրան: («He wanted to got me, but I got him first»): Նա մանրամասն բացատրեց, թե CIA-ը վաղուց էր տեղորոշել իրանցի կրոնապետի գտնվելու վայրը եւ բծախնդրորեն հետեւել նրան, ինչը օգնել է իսրայելցիներին ոչնչացնելու ոչ միայն Ալի Խամենեին, այլեւ նրա ընտանիքին:

Այլ խոսքով՝ Մ. Նահանգների նախագահը հաճույք է ստանում մի ողջ ընտանիքի, որի կազմում՝ մի սիրուն աղջնակի սպանած լինելու փաստից: Ամերիկացի մասնագետներից ոմանք Թրամփին հիշեցնում են ժամանակին նախագահ Ռոնալդ Ռեյգանի առաջարկով Կոնգրեսի ընդունած օրինագիծը, որը արգելում է օտարերկրյա պետական առաջնորդների սպանությունը (assassination) CIA-ի կամ այլ մարմնի կողմից, ինչպես նաեւ մեղադրում են նրան հակաիրանյան հարձակումը Կոնգրեսի հետ համաձայնեցրած չլինելու համար:

Ու քանի որ խոսեցի զոհված երեխայի մասին, չեմ կարող չհիշեցնել, որ Դոնալդ Թրամփը ոչինչ չասաց, ոչ ցավ եւ ոչ էլ ափսոսանք հայտնեց մարտի 1-ի առավոտյան Թեհրանի դպրոցներից մեկը ռմբակոծելու, 140-ից ավել աղջիկ երեխաների սպանելու եւ տասնյակ ուրիշների վիրավորելու առթիվ: Թրամփը չգիտե՞ր, որ երբ առավոտյան ժամը 8-ին իր եւ Նաթանյահուի հրահանգով սկսվեցին Թեհրանի ռմբակոծումները, օրվա ամենապիկ ժամն էր, աշակերտների դպրոց հասնելու պահը, հետեւաբար զոհերի թիվը անհամեմատ մեծ պիտի լիներ: Թրամփն ու նրա խորհրդականները չգիտեի՞ն, որ Իսրայել պետության առաջնորդները, գրեթե միշտ, սկսած 1948-ին Խան Յունիսի պաղեստինցիների ջարդից մինչեւ Գազայի դեռեւս շարունակվող շրջափակման ներկա օրերը, նրանք, այդ առաջնորդները, առանձին հաճույքով են թիրախավորել եւ թիրախավորում երեխաներին, սպանել կամ սովամահ անում նրանց: Մոռացե՞լ են 1982 թ.ին Սաբրա-Շաթիլայի գաղթակայանների բնակիչներին սպանդի ենթարկած Արիել Շարոնը ինչպե՜ս էր «բացատրում» կանանց ու երեխաներին ջարդելու «անհրաժեշտությունը», ասելով՝ որ «յուրաքանչյուր պաղեստինցի կնոջ փորում նստած է ապագա ահաբեկիչը»:

Ամերիկայի Միացյալ Նահանգները անճանաչելիորեն փոխված է Թրամփի օրով, բարեսրտության ու մարդասիրության էտալոն դարձած այդ պետությունը այժմ ուղիղ ենթակայության տակ է գտնվում Թել Ավիվի ռազմատենչ եւ արյունարբու ղեկավարների: Դա էապես վնասում է ազատությունների իսկական բաստիոն համարվող երկրի՝ Մ. Նահանգների ժողովրդին եւ, մյուս կողմից, ավելի գլոբալ առումով, գլխիվայր է շրջում ողջ աշխարհակարգը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Leave a Comment