Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Ճանապարհային դեպարտամենտի այլ պատասխանատուներ։

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանը ներկայացրել է այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները։

Նշվել է, որ շինարարությունը թևակոխում է առավել ակտիվ փուլ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է շինաշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների թիմի աշխատանքը։

Ներկաները մանրամասն անդրադարձել են շինարարությանն առնչվող մի շարք տեխնիկական, կազմակերպչական հարցերի։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ առաջիկայում փորձարկվելու են կառուցվող կամուրջների հեծանները, և դրական եզրակացությունից հետո կսկսվի դրանց տեղադրումը։ Արծարծվել է ծրագրերի շրջանակներում նորարարական լուծումների կիրառման հնարավորությունը, ինչը կնպաստի ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը։

Անդրադարձ է եղել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրին, որի մրցութային գործընթացներն այժմ ամփոփման փուլում են։

Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերն իրականացվում են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Leave a Comment