Ռուստամյան․ Այս ընտրությունը որոշում է՝ կամ ունենալու ենք ինքնուրույն պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով

Ռուստամյան․ Այս ընտրությունը որոշում է՝ կամ ունենալու ենք ինքնուրույն պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով

5 մարտի 2026 – 11:54 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ում կայանալիք ընտրությունը որոշում է՝ «կամ ունենալու ենք ինքնուրույն պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով», ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նա Մոնրեալում մասնակցել է կուսակցության 135-ամյակին նվիրված հանդիսավոր հավաքին, որը կազմակերպվել է «Միասնություն՝ հանուն պետականության» կարգախոսով, հայտնում է Aysor.am-ը:

Հանդիպման ընթացքում կազմակերպիչները իրականացրել են նաև խորհրդանշական արարողություն․ պատանեկան միության անդամները հանդիսավոր կերպով անցել են երիտասարդական շարքեր։ Օրվան գլխավոր խոսնակն է եղել Արմեն Ռուստամյանը, ով իր ելույթում անդրադարձել է վերջին ութ տարիներին տեղի ունեցած գործընթացներին՝ ընդգծելով անցած ուղին ճիշտ գնահատելու և առաջիկա փուլերի համար հստակ ուղղություն ձևակերպելու անհրաժեշտությունը։

«Այս ընտրությունը կամ որոշում է, որ մենք ունենալու ենք ինքնուրույն պետություն, ունենալու ենք մեր ազգային արժանապատուությունը պաշտպանող պետություն, կամ գնալու ենք թուրքացման ճանապարհով և անընդհատ մեր կորուստները ավելի ու ավելի են շատանալու: Ես վստահ եմ, որ մեր սերունդը այդ հաղթանակը կերտող սերունդը կարող է լինել, ազատամարտը հենց այս սերունդն է իր աչքերով տեսել, և մենք պիտի վերադառնանք մեր ակունքներին, և այդ հաղթանակը չի ուշանա՝ վասն հայրենյաց և վասն հավատի: Կեցցե՛ հայությունը և Հայաստանը: Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, թե իրենց քաղաքական պատասխանատվությունից մեկն այն է, որ ՀՅԴ նման կուսակցություններ Հայաստանում չլինեն:

Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, որը վերաբերվել է երկրում առկա բռնության մթնոլորտին։

«Քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երդվելով են ընդունում կուսակցություն, և որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երեւույթ ա, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացեք․․․Մեր քաղաքական պատասխանատվությունից մեկն էն ա, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն՝ որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս: Քանի դեռ այդպիսի կուսակցություն կա Հայաստանում, այդ պրոբլեմը լինելու է»,-ասել է նա:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment