Տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ տարբեր օդանավակայաններում շարունակում են սպասել Հայաստան վերադառնալու հնարավորությանը։ Նրանց թիվը մեծ է հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ավիաընկերություններն Օմանի տարածքով չարտերային թռիչքներ են առաջարկում։ Սակայն ավիատոմսերի բարձր արժեքն ու անվտանգության հետ կապված մտահոգությունները մարդկանց կանգնեցրել են բարդ ընտրության առջև։
«Երեկ՝ գիշերը, դարձյալ պայթյուններ էին, 10-20 անգամ, եթե ոչ ավելի»։
Լարիսա Հարությունյանը փետրվարի 28-ին պետք է ամուսնու հետ Աբու Դաբիից վերադառնար Հայաստան։ Դեռ չեն վերադարձել, սպասում են այդ հնարավորությանը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում Լարիսան պատմում է՝ հյուրանոցում գտնվողներին բացատրել են, որ պայթյունների ձայները ոչ թե հարվածներից, այլ հակաօդային պաշտպանության գործողություններից են։
«Բայց նույնիսկ եթե դա հակաօդային պաշտպանություն է, մենք անընդհատ տագնապի զանգեր և հաղորդագրություններ ենք ստանում, որ պետք է զգույշ լինենք, հեռու մնանք պատուհաններից, իջնենք ներքևի հարկեր։ Այսինքն՝ այս ամբողջ գործընթացը մեզ համար առաջնային անվտանգ չէ, ապահով չէ»։
Ասում է՝ հյուրանոցից դուրս են գալիս միայն առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար։
Մարտի 3-ի առավոտյան Մասկատից Երևան է ժամանել չարտերային օդանավը։ FlyOne Armenia ավիաընկերությունը հատուկ չվերթ է կատարել Օմանի մայրաքաղաք Մասկատից դեպի Երևան ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով հայրենիք վերադարձնելու նպատակով։
Ավիաընկերությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել էր, որ չվերթը տեղի կունենա մարտի 3-ին՝ ապահովելով քաղաքացիների անվտանգ վերադարձը։
Մեջբերում․ «Խորհուրդ ենք տալիս ամրագրել նախապես՝ Ձեր տեղը չվերթում ապահովելու համար»։
Ընկերության բջջային հավելվածում մարտի 3-ին նախատեսված Մասկատ-Երևան չվերթի ավիատոմսի արժեքը սկսվում էր 1․049 եվրոյից։ Խոսքն ուսապարկով ավիատոմսի մասին էր։ 25 կգ ուղեբեռի դեպքում տոմսի արժեքն ավելանում էր 65 եվրոյով։
«Այսօր՝ երեկոյան, թռիչքի ժողովուրդը վճարել է 1․170 դոլար յուրաքանչյուրը։ Այսինքն՝ եթե մենք էստեղ ընտանիքով ենք, շատ անձանցով ենք կամ չունենք հնարավորությունը էդ գումարը տալու, պետք է մնանք կրակի տակ․ որևէ կերպ, որևէ արձագանք մեր պետությունից մենք չենք ստանում»։
Լարիսայի հարազատներն այստեղ՝ Հայաստանում, կապի մեջ են Արտաքին գործերի նախարարության հետ։ Կառույցից նրանց հայտնել են, որ ցուցակագրում են մարդկանց։
«Այսինքն` 4 օր է՝ իրենք ցուցակագրում ու գնահատում են։ 4 օր առաջ իրենք հայտարարել էին, հայտ էինք լրացրել, բոլորս հայտ էինք լրացրել` հույսով, որ մեր պետությունը մեր համար ինչ–որ բան հիմա կանի, մենք կհասնենք, բայց մինչև էսօր իրենք մեր միակ պատասխանը էն, որ իրենք գնահատում են իրականացնում, այսինքն` 4 օր դեռ իրենք գնահատում են իրականացնում ճգնաժամային իրավիճակում, էս մի քիչ իմ համար նաև աբսուրդի ժանրից ա»։
Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության կոմիտեն հոգում է այստեղ գտնվող բոլոր զբոսաշրջիկների՝ հարկադիր երկարաձգված կեցության ծախսերը։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունն էր օրերս այս հայտարարությունը տարածել՝ ընդգծելով, որ այն չի վերաբերում այն ուղևորներին, որոնք ժամանել են Աբու Դաբի, սակայն ունեցել են կեցություն այլ էմիրությունում։
Այս հնարավորությունից չի օգտվում նաև Դուբայում գտնվող Մարինա Գրիգը։ Նա նույնպես պետք է փետրվարի 28-ին վերադառնար Հայաստան, բայց արդեն չորրորդ օրն է՝ անորոշության մեջ սպասում է։
«Երբ այստեղ ենք եկել, արդեն երրորդ օրվա համար վճարում ենք հյուրանոցին։ Որևէ զեղչ չի արվում։ Երբ նշում ենք, որ Աբու Դաբիում կան դեպքեր, երբ ծախսերը հոգում են, մեզ պատասխանում են՝ եթե գիտեք ավելի էժան հյուրանոց, գնացեք այնտեղ։ Այսինքն՝ ոչ ոք չի հոգում այդ մասին»։
Օմանից Երևան մարտի 4–ին ևս մեկ հատուկ չվերթ տեղի կունենա։ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ չվերթի ուղևորներին ավտոբուսով անվճար կտեղափոխի Աբու Դաբիից և Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան։
«Տեղեկացնում ենք, որ այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն և ձեռք կբերեն FlyOne Armenia ընկերության կողմից մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21-ին նախատեսված Մասկատ–Երևան չվերթի տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կազմակերպած անվճար տեղափոխումից»։
Դեսպանությունից հայտնել են նաև, որ 094366540 հեռախոսահամարով հնարավոր է տեղեկություններ ստանալ Մասկատ–Երևան թռիչքի տոմսերի վերաբերյալ։ Կարող են գրանցվել այն քաղաքացիները, որոնք ունեն մարտի 4-ի չվերթի հաստատված տոմս։ Հաղորդագրության համաձայն՝ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհը տևում է մոտ 12–13 ժամ։
Մարինա Գրիգը գիտի այս հնարավորության մասին, սակայն ճանապարհի անվտանգության վերաբերյալ մտահոգություններ ունի։
«Շատ մարդիկ արդեն գրանցվել են։ Ես էլ բազմաթիվ զանգեր եմ ստանում թե՛ Աբու Դաբիից, թե՛ այստեղից։ Բայց ոչ ոք չի կարող հստակ ասել՝ արդյոք այդ ճանապարհը կլինի անվտանգ։ Հայաստանի քաղաքացիները բաժանվել են երկու խմբի․ մի մասը, անկախ տոմսի արժեքից ու ճանապարհից, ցանկանում է հնարավորինս շուտ վերադառնալ Հայաստան, և այս պահին տարբերակը Մասկատով թռիչքն է։ Մյուս մասն էլ մտածում է՝ եթե հասնենք Օման, իսկ տարածաշրջանում իրավիճակը շարունակի մնալ անկանխատեսելի, ի՞նչ երաշխիք կա, որ այնտեղ խնդիր չի առաջանա։ Գոնե Էմիրություններում մեզ թվում է՝ իրավիճակն ավելի կանխատեսելի է»։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի Մասկատ–Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 15 քաղաքացի։
Ոչ պաշտոնական տեղեկություններով Արաբական Միացյալ Էմիրություններում այս պահին ավելի քան 400 ՀՀ քաղաքացի սպասում է հայրենիք վերադառնալու հնարավորությանը։