Հայաստանում եղանակի տաքացման հետ սրվում է ջրի խնդիրը։ Տարեցտարի ավելի ու ավելի շատ է զգացվում ջրի պակասը։ Սա մասնագետները տարբեր գործոններով են պայմանավորում՝ գլոբալ տաքացումից մինչև ջրային կորուստներ։ Ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար խորհրդարանում քննարկվել է ՀՀ–ի ու Վերկառուցման ու Զարգացման եվրոպական բանկի միջև Հայաստանի ջրի ու ոռոգման ծառայությունների բարելավման առաջին փուլի վարկային համաձայնագիրը։ Բայց չի շրջանցվել նաև խմելու ջրի մատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին «Վեոլիա Ջուր» ընկերության վերջին հայտարարությունը։
Հայաստանի կառավարությունը ՎԶԵԲ–ից ավելի քան 70 մլն եվրո վարկ կվերցնի, ևս 70 մլն էլ կհամաֆինանսավորի Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Ծրագրի նպատակն է՝ ապահովել հասանելի ու արդյունավետ ոռոգման ու գյուղական ջրամատակարարում ու ջրահեռացում կոնկրետ ընտրված համայնքներում։ Խորհրդարանում նախագծի քննարկումը Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի հետ սկսվեց ու ավարտվեց խմելու ջրի մատակարարման մասին հայտարարություններով ու հարցուպատասխանով։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյան․
«Օդում կախված մնաց երևանցիների ու «Վեոլիա Ջուր» ընկերության հարաբերությունների վերաբերյալ հարցը, որովհետև պարզ է, որ կառավարության հետ բանակցությունների արդյունքում այն սահմանափակումը, որի մասին հայտարարել էր ավելի վաղ, փոփոխության ենթարկվեց, բայց այդպես էլ չհասկացանք՝ լավ դրա ապագան ո՞րն է և ինչպե՞ս ենք մենք առհասարակ փորձելու լուծել այս խնդիրը, որովհետև խնդրի լուծման հետաձգումը խնդրի լուծում չէ ակնհայտորեն»։
Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսպես արձագանքեց՝ երկու շաբաթ են խնդրել՝ ժամանակացույցը վերանայելու, «Վեոլիա ջուր» ընկերության հետ քննարկելու համար։ «Վեոլիա ջուր» ընկերությունը օրերս հրապարակել էր 2026թ. ջրամատակարարման ժամանակացույցը, ըստ որի՝ Երևանի և մարզերի բնակավայրերի որոշ հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի 17 ժամ՝ միայն մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը, իսկ որոշ այլ հասցեներում՝ ողջ տարվա ընթացքում:
Դրանից հետո հայտարարվեց, որ կառավարության միջամտությամբ ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի: Ջրային կոմիտեում նախնական եզրահանգումներ արել են՝ ժամանակացույցը բարելավելու հնարավորություն կա․
«Առաջինը՝ պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրերին, որոնք իրականացնում ենք, նոր թափ ենք հաղորդելու և դրանց արդյունքում ունենալու ենք խնայված ջուր՝ բավականին մեծ ծավալների: Խոսքը վերաբերում է թե՛ Երևանին, թե՛ մարզերին: Երկրորդը՝ ունենք հայտնաբերված նոր ջրաղբյուրներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տանում էինք նախքան «Վեոլիա ջուր»-ի կողմից ջրանջատումների ժամանակացույցի հրապարակումը: Որոշում է կայացվել լրացուցիչ ռեսուրսներ ներդնել և այդ ջրաղբյուրներից ջուրը Երևան հասցնել ավելի արագացված ռեժիմով»:
Ջրային կոմիտեի նախագահը ամռան ամիսներին գիշերային ջրանջատումներն անհրաժեշտ է համարում․ սա ջրավազաններում ջուր ամբարելու և դրանք ցերեկվա ժամերին օգտագործելու համար է:
«Մենք հիմքեր ունենք մտածելու, որ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարված 7-ժամյա անջատումը կարող ենք կրճատել մինչև 3-4-ժամյա անջատման։ Այսինքն՝ ջրանջատումներ լինելու են, որովհետև ամառվա ամիսներին մենք կարիք ունենք ջրանջատումների, որպեսզի ջրավազանները լցվեն և ցերեկային ժամերին այդ ջուրն օգտագործվի, բայց 7-ժամյա անջատման փոխարեն, կունենանք 3-4-ժամյա անջատում»։
Ոռոգման համակարգում ջրի կորուստը մոտ 50 տոկոս է կազմում՝ տեղեկացնում է Արամազդ Ղալամքարյանը։ Անդրադառնալով «Վեոլիա Ջուր» ընկերության պարտավորություններին, նա նշում է, որ ստանձնման պահին կորուստը հայտարարվել էր մոտ 80 տոկոս, այժմ ՝մոտ 60 տոկոս է կազմում․
«Ուզում եմ նշել, որ վերջին երկու տարում «Վեոլիա Ջուր» ընկերությունը և ՀՀ կառավարությունը 22 մլրդ դրամի ներդրում են անում»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արման Ղազարյանին հետաքրքրում է՝ ծրագրի իրականացումից հետո որքանո՞վ կնվազեն ջրային կորուստները․
«Գյուղական ու այլ բնակավայրերում քանի՞ տոկոս ջրի կորուստ կա, որքանո՞վ կկրճատվեն նախագծի իրականացումից հետո»։
Ջրային կոմիտեի նախագահը դժվարացավ ընդհանուր թիվ հրապարակել, մեկ–երկու գյուղ մատնանշեց՝ Սասունիկում, օրինակ, այժմ 14 –ժամյա ջրամատակարարում է ապահովվում նախկին 4–ի փոխարեն։
Բայց նաև կան գյուղեր, որտեղ մեծ են կորուստները, գյուղացիները միայն երկու ժամ են ջուր ստանում։ Արամազդ Ղալաքարյանը նաև հիշեցրեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանագրով նախատեսված է, որ ենթակառուցվածքներում ներդրումները պետք է պետությունը կատարի։