Թրամփը չի բացառել Իրանի դեմ ցամաքային գործողությունը, «եթե անհրաժեշտ լինի»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation հեռուստաալիքին հայտնել է, որ Միացյալ Նահանգները «շուտով» կպատասխանի Էր-Ռիադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման եւ ամերիկացի զոհված զինծառայողների համար։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Իրանում ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ամերիկացի վեց զինծառայող, եւս 18-ը վիրավորվել են։

ԱՄՆ նախագահը ավելի վաղ New York Post-ին տված հարցազրույցում չէր բացառել Իրան ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը, «եթե դա անհրաժեշտ լինի»։

Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակումը հաստատել է նաեւ այս երկրի պաշտպանության նախարարությունը։

Դեսպանատունը X-ում հայտնել է, որ հարձակման հետեւանքով առաջացել է «փոքր հրդեհ», իսկ շենքին հասցվել է «աննշան նյութական վնաս»։

Նոր արբանյակային լուսանկարները վկայում են նաեւ Սաուդյան Արաբիայում խոշոր նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ-ների հարվածի մասին, հայտնում է BBC-ին։

Vantor ընկերության կողմից արված լուսանկարներում գործարանի կենտրոնական հատվածում գտնվող հովացման աշտարակների շուրջը երևում են հրդեհի հետքեր։ Երկրի արեւելքում՝ Ռաս Թանուրա քաղաքում, գտնվող գործարանում օրական մշակվում է 550 հազար բարել նավթ։

Սաուդյան պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն, այսօր հայտարարել է, որ ԱԹՍ-ի հարվածի պատճառով ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել գործարանի աշխատանքը։

Leave a Comment