ԱԱԾ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել հարցման արդյունքները, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշը գնահատվում է 14 տոկոս, գրել է «Փաստ» օրաթերթը։
«ԱԱԾ-ն Փաշինյանին է փոխանցել վերջին հարցման արդյունքները, ըստ որոնց, ՔՊ-ն անհուսալիորեն պարտվում է բոլոր ճակատներում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեպետ ՔՊ-ի վարկանիշը 14 տոկոս են գնահատում, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը աստիճանաբար լուրջ թափ են հավաքել, և արդեն շաբաթներ անց Փաշինյանի գլխավորած կուսակցությունը նույնիսկ հարցումներով առաջատարը չի լինի»,- գրել է թերթը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ այս թեման քննարկվել է նաև «ուրախ ավտոբուսում», որով ՔՊ նախընտրական ցուցակի առաջին 50 թեկնածուները շրջայցեր են կատարում մարզերում։
Ըստ թերթի աղբյուրների՝ սեփական վարկանիշը բարձրացնելու այլ տարբերակ չգտնելով՝ Փաշինյանը նախարարներին հանձնարարել է պոպուլիստական առաջարկներ մշակել։ Ֆինանսների նախարարությունն, ըստ պարբերականի, դեմ է արտահայտվել թոշակների ինդեքսավորման որոշմանը, սակայն Փաշինյանը հանգստացրել է նախարարին՝ նշելով, որ ընտրություններն են առջևում, և հարկավոր է շահել թոշակառուների սիրտը։
Իշխող կուսակցությունը փետրվարի 13-15-ը կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացրել էր ներկուսակցական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել էր շուրջ 1100 պատվիրակ: Նրանք 276 անձից բաղկացած ցուցակից ընտրել էին 50-ական թեկնածու:
Քվեարկության արդյունքներով ձևավորվել էր նախնական վարկանիշային ցուցակը՝ ձայների նվազման կարգով: ՔՊ-ում երկրորդ փուլի քվեարկությունը նշանակված է մարտի 27-28-ը: Այս փուլում պատվիրակները 50 թեկնածուից կընտրեն վարչապետի թեկնածուին և կորոշեն ցուցակի վերջնական հերթականությունը, ներառյալ՝ խորհրդարանի նախագահի և այլ պաշտոնների հավանական թեկնածուների տեղերը:
