«Արդեն անհանգստանում ենք, երկու օր չենք խոսել»․ Հայաստանում բնակվող իրանահայերի մի մասը լուր չունի հարազատներից

Հայաստանում ապրող իրանահայերի մի մասը ռազմական գործողությունների սկսվելուց հետո չի խոսել հարազատների հետ, մյուս մասն էլ կարճ հաղորդագրություններ է ստացել։ «Ռադիոլուր»–ի զրուցակիցները պատմել են, որ թեև թիրախավորված ռազմական օբյեկտները հեռու են հայկական թաղամասերից, սակայն իրենք անհանգիստ են, լրահոսից տեղեկանում են, որ ռազմական գործողությունները ժամ առ ժամ ավելի ինտենսիվ են դառնում։

Հայաստանում բնակվող իրանահայ գրող-թարգմանիչ Ջորջ Աբրահամյանը Իրանում ապրող եղբոր հետ վերջին անգամ շաբաթ առավոտ է խոսել՝ առաջին ռազմական գործողություններից րոպեներ առաջ։ Ասում է՝ հեռախոսակապը միանգամից անջատվել է, և մինչև «Ռադիոլուր»–ի հետ զրույցի պահը չի հաջողվել կապ հաստատել։

«Ինտերնետը չի գործում Իրանում 90 %-ով, հետո զանգեցի, զանգն էլ չէր գնում, և  պատերազմի առաջին պահից մինչև հիմա ես ոչ մի լուր չունեմ իրենցից, ու բնականաբար մտահոգություն կա, թե ինչ է կատարվում, որովհետև ինչքան լուրերին հետևում եմ՝ գնալով ավելի է սրվում է պատերազմը, հարձակումները ավելի մեծ ծավալի են հասնում»։

Ջորջ Աբրահամյանի հարազատները բնակվում են Թեհրանի կենտրոնում և հայկական թաղամասում։ Ասում է՝ թեև հարձակման հիմնական թիրախները՝ ռազմական օբյեկտները, հեռու են հայկական թաղամասից, մի քանի օր լուր չունենալն արդեն անհանգստացնող է։

«Ինձ թվում է, որ ոչ մեկը պատկերացում չուներ։ Նախ՝ բանակցություններ էին տեղի ունենում, 12-օրյա պատերազմի պես բանակցությունների ընթացքում եղավ այս հարձակումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Ես ենթադրում եմ, որ բոլորն էլ մի տեսակ անակնկալի եկան, ոչ ոք չէր պատկերացնում։ Այնտեղ շաբաթ օրն է շաբաթվա սկիզբը, շաբաթը աշխատանքային օր է Իրանում, և չէինք պատկերացնի, որ շաբաթ՝ առավոտյան, նման ուժեղ հարձակում կլինի»։

Իրանահայ Իռեն Հախվերդյանին ևս երկու օր չի հաջողվում խոսել հարազատների հետ․

«Միայն եղբորս տղան ինստագրամով որոշ բաներ էր դնում, որ էսքան հարձակվել են և այլն․ այդ միջոցով ենք կապ ունեցել»։

Ժամեր առաջ Ռիմա Տեր-Հովհաննիսյանը Թեհրանում ապրող քրոջից կարճ հաղորդագրություն է ստացել․

«Իրենց մոտ գտնվող ինչ-որ զինվորական կենտրոններ կան, որ ինքս էլ գիտեմ՝ ինչ է, ուրեմն, էդ կողմը հենց էդ րոպեին հարձակում է եղել։ Հարազատներ էլ ունենք, որ ուզում են, ճիշտն ասած, գան էս կողմ, բայց կարծեմ, սահմանը փակ է»։

Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հաձակումը շաբաթ՝ առավոտ, սպասելի էր՝ կարծում է «Ռադիոլուր»–ի զրուցակիցը։

«Սպասել են բոլորը  90 %-ով։ Մենք անգամ անձնական էստեղ խոսում ենք, որ ամեն վայրկյան կարելի էր հարձակումը, և չգիտեմ, գոնե 60-70 %-ով վստահ էին, որ հարձակվելու են»։

Ռիմա Տեր-Հովհաննիսյանի հարազատների մի մասը ցանկանում է գալ Հայաստան, մյուս մասը սոցիալական պատճառներով չի ուզում դուրս գալ Իրանից.

«Հենց հիմա մեծ եղբորս փեսան է ուզում գալ։ Հենց այսօր եղբորս աղջիկը ինձ զանգ տվեց ասաց՝ եթե ծանոթներ կան, գոնե սահմանից լուր ունես, ասացի, որ նոր եմ իմացել, որ դուրս չեն կարող գալ, սիստեմը կարծեմ չի աշխատում, ու իրեն առաջարկել եմ գալ սահման, ասել եմ՝ եթե կարող ես կապվել, ասա՝ գա սահման, սահմանից գոնե հենց այդ առաջին առիթով գա դեպի Հայաստան»։

«Ռադիոլուր»–ի զրուցակիցները կարծում են՝ պատերազմի տևողությունից ու ռազմական գործողությունների ինտենսիվությունից է կախված՝ սահմանին կուտակումներ ու խնդիրներ կառաջանան, թե ոչ։

Leave a Comment