Իրանում ցանկացած լուրջ ցնցում անմիջապես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ

«Կարծում եմ, մանավանդ հայերս պետք է շահագրգռված լինենք, որ մեր անմիջական հարեւան երկիր Իրանում զարգացումները տեղի ունենան հնարավորինս խաղաղ եւ չստեղծվի անկայուն ու քաոսային իրավիճակ, տեղի չունենան բախումներ ու բռնություններ։ Հայաստանի համար Իրանը պարզ մի հարեւան չէ, այլ աշխարհաքաղաքական տեսանկյունից կենսական նշանակություն ու կարեւորություն ունեցող երկիր ու պետություն, առեւտրա-տնտեսական կարեւոր գործընկեր։ Այդ պատճառով Իրանում ցանկացած լուրջ ցնցում անմիջապես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա»,-գրել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

Նա ընդգծում է՝ բացի պետական շահերից, կա նաեւ մարդկային եւ պատմական շերտը` իրանահայ համայնքի առկայությունը, որն ունի դարերի ներկայություն ու պատմություն Իրանում։

«Իրանահայ մեր քույրերի եւ եղբայրների անվտանգությունն ու բարեկեցությունը չեն կարող անտարբեր թողնել մեզ։

Կարծում եմ, բոլորս շահագրգռված պիտի լինենք, եթե Իրանում քաղաքական փոփոխությունների արդյունքում ձեւավորվի կայուն ու ժողովրդավար իշխանություն։ Միեւնույն ժամանակ, պետք է հստակ գիտակցել, որ ցանկացած երկրի ներքին գործընթացները առաջին հերթին տվյալ ժողովրդի ընտրությունն ու պատասխանատվությունն են։ Շահագրգռվածությունը չի նշանակում միջամտություն, այլ՝ խաղաղության, կայունության եւ համագործակցության կողմնակից դիրքորոշում։

Մենք կարող ենք ցանկանալ, որ փոփոխությունները լինեն ոչ բռնի եւ օրինական ճանապարհներով, որպեսզի դրանց արդյունքը լինի ոչ թե քաոսը, այլ՝ կայունությունն ու զարգացումը։ Կայուն ու զարգացող Իրանը կուժեղացնի ողջ տարածաշրջանային, ներառյալ` Հայաստանի, անվտանգությունը։

«Խաղաղութիւն ամենեցուն»»։

Leave a Comment