Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան համատեղ հայտարարություն են տարածել, որում սրառնում են Իրանին «համաչափ պաշտպանական գործողություններով», եթե վերջինս շարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արեւելքի երկրներին, հայտնում է RFI-ն։
«Մենք կոչ ենք անում Իրանին անհապաղ դադարեցնել այս անխոհեմ հարձակումները։ Մենք միջոցներ կձեռնարկենք՝ պաշտպանելու մեր եւ մեր դաշնակիցների շահերը տարածաշրջանում, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում թույլատրելով անհրաժեշտ եւ համաչափ պաշտպանական գործողություններ՝ ոչնչացնելու Իրանի հրթիռները եւ անօդաչու թռչող սարքեր արձակելու հնարավորությունները»,- ասված է փաստաթղթում։
Ավելի վաղ՝ նախօրեին երկրի Պաշտպանության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր «պաշտպանական բարձր պատրաստվածության» մասին։
Փարիզը Միջերկրական ծովի արեւելյան հատված է ուղարկել «Շառլ դե Գոլ» ավիակիրը։ Այն փետրվարի 24-ից գտնվում էր շվեդական Մալմո նավահանգստում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու նպատակով։
Իր հերթին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածները։
«Կարելի է միաժամանակ դեմ լինել զզվելի ռեժիմին եւ չհիմնավորված եւ վտանգավոր ռազմական միջամտությանը»,- հայտարարել է նա։
Իսպանիայի վարչապետը «անհապաղ դեէսկալացիայի, միջազգային իրավունքի պահպանման եւ երկխոսության շտապ վերսկսման» կոչ է արել։