«Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման համար նվազագույն միավորների շեմը կնվազեցվի 10 %-ով․ նախագիծ

Iravaban.netուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ։

Մասնավորապես՝

  • Որոշման 1-ին հավելվածի 7-րդ կետի առաջին նախադասությունում
    «ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոսը» բառերը առաջարկվում է փոխարինել «ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսը կամ ովքեր հավաքել են տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության համար սահմանված ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 65 տոկոսը» բառերով։
  • «Թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոսը» բառերը առաջարկվում է փոխարինել «թեստի առավելագույն արժեքի առնվազն 65 տոկոսը» բառերով։

Այսպիսով, ընդունելության (ուսումնառության) նվազագույն միավորների շեմը առաջարկվում է իջեցնել 10 տոկոսով։

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նպատակային ուսումնառության շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման պայմանները դյուրինացնելու անհրաժեշտությամբ։

Ծրագիրը նախատեսում է, որ քաղաքացուն տարկետում է տրամադրվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության նշած վայրում և պայմաններով հետագա զինվորական ծառայություն անցնելու պարտավորությամբ։

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող կարգավորման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով տարկետման իրավունք են ստանում այն քաղաքացիները, որոնց՝

  • ՄՈԳ-ը կազմում է առավելագույն արժեքի առնվազն 70 տոկոս, կամ
  • ընդունելության քննությունների առավելագույն դրական միավորների հանրագումարի առնվազն 75 տոկոս,
  • ինչպես նաև ընդհանուր զարգացվածության թեստի առավելագույն արժեքի առնվազն 75 տոկոս արդյունք ցուցաբերած անձինք։

Վերջին հինգ տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ծրագրով դիմող և պայմանագիր կնքող սովորողների թիվը աստիճանաբար նվազել է։

Նվազման հիմնական պատճառներից է դիմումատուների կողմից սահմանված նվազագույն միավորները չհավաքելու հանգամանքը, այն դեպքում, երբ զգալի թվով դիմորդներ հավաքել են 60–75 տոկոս միջակայքում միավորներ։

Միաժամանակ, գործընթացի վրա ազդեցություն է ունեցել նաև ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշումը, որով բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով բարձր միավորներով ընդունված սովորողների համար սահմանվել է տարկետման հնարավորություն։

Արդյունքում՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար նախատեսված 350 տեղերը ամբողջությամբ չեն համալրվում, ինչը հետագայում անդրադառնում է սպայական պաշտոնների համալրման գործընթացի վրա։

 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է՝

  • իջեցնել նվազագույն միավորների շեմը 10 տոկոսով,
  • ապահովել «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսված տեղերի առավել ամբողջական համալրում,
  • բարձրացնել ծրագրի գրավչությունը և մատչելիությունը։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը 

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում և չի հանգեցնում պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխության։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. Նախագիծը բխում է ՀՀ կառավարություն-ի 2021-2026 թվականների ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի պահանջներից։

Այն ուղղված է՝

  • պայմանագրային զինվորական ծառայության աճին,
  • զինծառայության գրավչության բարձրացմանը,
  • ծառայության նյութական և բարոյահոգեբանական խթանման մեխանիզմների զարգացմանը։

 

Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment