Ձեւավորվել է Իրանի Գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող Ժամանակավոր խորհուրդը . Գրիգոր Առաքելյան

Ինչպես նախատեսված է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվանից հետո՝ 2026 թվականի մարտի 1-ին, ձևավորվեց ։

Սահմանադրության համաձայն՝ Գերագույն առաջնորդի մահվան, պաշտոնանկության կամ հրաժարականի դեպքում գործում է իրավահաջորդության հստակ կարգ, ըստ որի՝ նոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Բանիմացների խորհրդի իրավասության ներքո։ Ժողովրդի կողմից ընտրված, բարձրագույն հոգևորականներից կազմված Բանիմացների խորհրդի անդամները պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետում ընտրել նոր առաջնորդ։

Մինչև նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը նրա լիազորությունները ստանձնում է Ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է երեք անդամից՝ Հանրապետության նախագահից, Դատական իշխանության ղեկավարից և Սահմանադրության Պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամից, որն ընտրվում է Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի կողմից։

Այսպիսով, 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, ԻԻՀ Գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող Ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկվել են՝

  • ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը,
  • ԻԻՀ Դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին,
  • Պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամ Ալիռեզա Արաֆին։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ալիռեզա Արաֆին ծնվել է 1959 թվականին Յազդ նահանգի Մեյբոդ քաղաքում։ Նրա հայրը՝ Մոհամմադ Էբրահիմ Արաֆին, իր ժամանակի ակտիվ հոգևորականներից էր, որը հանդես էր գալիս Փեհլավիների իշխանության դեմ և կապեր ուներ Ռուհոլլահ Խոմեյնիին մոտ կանգնած հոգևորականների հետ։

ԻԻՀ Սահմանադրության 111-րդ հոդվածի համաձայն՝ առաջնորդի մահվանից մինչև Բանիմացների խորհրդի կողմից նոր առաջնորդի ընտրությունը, վերը նշված երեք անդամից բաղկացած խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է առաջնորդի պարտականությունները։

Միևնույն ժամանակ, այս խորհրդի լիազորությունները սահմանափակ են և ստորև նշված հարցերում կարող են իրականացվել միայն Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի անդամների երեք քառորդի հաստատմամբ․
• Համակարգի ընդհանուր քաղաքականության սահմանում,
• Հանրաքվե անցկացնելու հրամանի արձակում,
• Պատերազմի կամ խաղաղության հայտարարում,
• Հանրապետության նախագահի պաշտոնանկություն,
• Գլխավոր շտաբի պետի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի կամ բարձրաստիճան ռազմական և ոստիկանության հրամանատարների նշանակումն ու ազատումը։

ներկա պայմաններում, երբ սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, սպասվում է, որ Գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող Ժամանակավոր խորհուրդը, Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի անդամների երեք քառորդի հաստատմամբ, կընդունի համապատասխան որոշումներ։

Գրիգոր Առաքելյան, Արտակարգ և լիազոր դեսպան

Leave a Comment