Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,2 մլրդ դրամ, տեղեկանում ենք դատախազությունից։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Մկրտչյանին առնչվող հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ նախկին նախարարից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 893 մլն 449 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։
Պահանջել են բռնագանձել նաև 276 մլն 106 հազար դրամ, որը, ըստ վարչության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով կամ ունի ապօրինի ծագում։
