2026 թ․ ձմռան վերջին օրը տեղի ունեցավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ, իսկ վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն օր խոսում էին միջազգային հանրությունը, փորձագետներն ու քաղաքական դերակատարները։ Սկսվեցին իսրայելական «Առյուծի մռնչոց», ամերիկյան «Էպիկական ցասում», իրանական «Փոթորիկի վերջը» անվանումներով գործողությունները։
Ամերիկա-իսրայելական ուժերը հարվածեցին Իրանին, չուշացան իրանական պատասխան հարվածները մի շարք երկրներում, որտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Նշվում է, որ Իրանը հրթիռներ է արձակել ️Իսրայելի, ️Բահրեյնի, ️ԱՄԷ–ի, Կատարի, ️Քուվեյթի, Հորդանանի ուղղությամբ։
Իրանի վրա ԱՄՆ հարձակումից րոպեներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով նախօրեին Ժնևում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին, հայտարարեց, որ գոհ չէ դրանցից։
«Նրանք պետք է գործարք կնքեն, բայց նրանք չեն ուզում, և դա շատ վատ է։ Տեսեք, մենք նրանց հետ խաղում ենք 47 տարի, և դա երկար ժամանակ է։ Նրանք մեր ժողովրդի ոտքերն են պայթեցնում, մեր ժողովրդի դեմքը, մեր զենքերը։ Նրանք մեկ առ մեկ ոչնչացնում են նավեր։ Չենք կարող երկար հանդուրժել դա։ Մենք գոհ չենք բանակցություններից։ Նրանք պարզապես չեն ուզում ասել բանալի բառերը, որ միջուկային զենք չեն ունենա։»։
Այս հայտարարությունից րոպեներ անց Իրանը հրթիռային հարձակման ենթարկվեց։
Դրան հաջորդեց ԱՄՆ նախագահ Թրամփի նոր հայտարարությունը այն մասին, որ ԱՄՆ զինված ուժերը սկսել են մարտական լայնածավալ գործողություններ Իրանում, որոնց նպատակն է վերացնել իրանական ռեժիմի սպառնալիքը:
«Այս ռեժիմը շուտով կսովորի, որ ոչ ոք չպետք է մարտահրավեր նետի Միացյալ Նահանգների զինված ուժերին և հզորությանը։ Ես այս հայտարարությունը հեշտորեն չեմ անում։ Ամերիկացի հերոսների կյանքը կարող է կորսվել, և մենք կարող ենք զոհեր ունենալ, ինչը հաճախ պատահում է պատերազմի ժամանակ, բայց մենք սա անում ենք ապագայի համար»։
ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը հաջորդեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու հայտարարությունը։ Նա նշեց, որ Իրանի իշխանությունը կպայքարի այնքան, որնքան անհրաժեշտ է։
«Քիչ առաջ Իսրայելը և Միացյալ Նահանգները սկսեցին համատեղ արշավ՝ «Առյուծի մռնչյուն» գործողությունը, որի նպատակն է վերջ դնելու Իրանում Այաթոլլահի ռեժիմի սպառնալիքին։ Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ միասին թիրախավորվում են բալիստիկ հրթիռների կայանները, որոնք սպառնում են ինչպես Իսրայելին, այնպես էլ ԱՄՆ ուժերին։ Այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։»:
Ի պատասխան Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ Իսրայելին օգնություն ցուցաբերող ցանկացած երկրի ռազմաբազա հարձակումների թիրախ կդառնա Իրանի կողմից ։
Իրանի վրա հարձակումներից հետո Թեհրանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարել, հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը և այն անվանել է անխոհեմ քայլ։
Վերլուծելով ստեղծված իրավիճակում ռուսական արձագանքը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը սոցցանցում գրել է, որ դրանում էական ձևակերպում չկա՝ հաշվի առնելով Ռուսաստան- Իրան ռազմավարական գործընկերության պայմանագրի առկայությունը, որը ստորագրվել և ուժի մեջ է մտել 2025 թվականին: Ինչից նա եզրակացնում է, որ
«Ռուսաստանը կամ Թրամփի հետ առևտուր է անում Իրանի հարցում և ակնկալում նոր ճարտարապետությունից իր կայուն շահաբաժինը, կամ խանգարում է Թրամփին և Նաթանյահուին հասնել ստատուս-քվոյի փոփոխության, կամ պարզապես բավարարվում է դատապարտումներով և ակնկալիքով, որ Ուկրաինայում հաջողության հասնելու դեպքում կգա մի օր, երբ կփորձի կորցրածը հետ բերել նաև իրանյան ուղղությամբ»:
Վերլուծաբանը ստեղծված իրավիճակում Հայաստանի համար վտանգավոր ռիսկեր է տեսնում։
«Իրանում կայունությունն ու երկրի անխախտ կառավարելիությունը Հայաստանի համար բացարձակ շահ է, և մյուս կողմից իհարկե Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի Մերձավոր Արեւլքի կայուն և հավասարակշռված անվտանգային միջավայրը, ոչ միայն իբրև զուտ քաղաքական ազդեցության գործոն, այլ նաև համաշխարհային էթնո-քաղաքակրթական հարաբերությունների ելակետային միջավայր»:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ամփոփելով այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը, նշում է, որ Իրանը դիմացել է հարվածի առաջին ալիքներին և կարողացել պատասխան հարվածներ հասցնել։
«Մերձավոր Արևելքի ողջ տարածքն այժմ, ցավալիորեն, պատերազմի փաստացիորեն մեկ գոտի է, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով անխտիր բոլոր տարածաշրջանային երկրների համար», – գրում է փորձագետը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգության տեղիք են տալիս, և որ ԵՄ-ն կապ է պահպանում տարածաշրջանի գործընկերների հետ։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է միանալ Միացյալ Նահանգներին` Իրանի դեմ պատերազմում:
Իսրայելական մամուլը գրում է, որ պատերազմը Իրանի դեմ կտևի մի քանի շաբաթ։
Այս ընթացքում կադրեր ու տեղեկություններ են տարածվում Իրանի հոգևոր առաջնորդի կեցավայրի ուղղությամբ հրթիռակոծության մասին, այն հողին է հավասարեցվել։ Իրաքի երկնքում պարզ երևում են դեպի Իսրայել թռչող անօդաչուները, խոցված իրանական հրթիռները ընկել են Սիրիայի ու Պաղեստինի տարածքում։
Bioomberg-ը ԻՀՊԿ-ին հղումով գրում է, որ լիովին ոչնչացված են Կատարում տեղակայված ամերիկյան ռադարները։ Այն ավելի քան մեկ մլրդ դոլար արժողությամբ 5000 կմ հեռահարությամբ հրթիռներ որսալու հնարավորություն ունեցող ռադար է։