Գայլերը հարձակվում են բնակավայրերի ընտանի կենդանիների վրա

Արմավիրի մարզում այս ձմռանը գայլերի հարձակումից հոշոտվել է շուրջ 110 ոչխար՝ վնաս հասցնելով  2 տնտեսության: Ոչխարաբուծությունն այդ տնտեսվարողների հիմնական զբաղմունքն է, ապրուստի միջոցը: Գայլերի հարձակումից տուժել էին Արգինա գյուղից Հարություն Ասատրյանի ու Քարակերտ գյուղից Աղասի Սիրեկանյանի ոչխարները: Բոլոր ոչխարներն էլ հղի են եղել, որոնք ծնելու էին փետրվար և մարտ ամիսներին: Գայլերի հասցրած վնասը մեղմելու նպատակով Բաղրամյանի ավագանին երկու տնտեսություններին հատկացրել է 300 հազարական դրամ:

Ձմռանը կեր փնտրելու նպատակով երբեմն գայլերը հասնում են գյուղներ և թիրախավորում ոչխարներին: Այս նոր տարվան այդպիսի դեպք էր գրանցվել Քարակերտում: Գայլերը տան բակում հոշոտել էին շուրջ 50 գլուխ ոչխար:  Աղասի Սիրեկանյանը պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ի ցերեկը, երբ  գնացել էր կերակրելու ոչխարներին:

«Օրը երկու անգամ ոչխարների մեջ եմ լինում՝ կեր եմ տվել, ջուր: Մինչև ցերեկվա 4-ը նորմալ է եղել, ես գոմում ջուր էի լցնում, տունը մարդ եկավ, գնացի: Մինչև ճանապարհեցի ու դուրս եկա՝ խոտ էի փռել, որ ուտեին, տեսա արդեն գայլը հոշոտել էր: 41 գլուխ տեղում սատկել էր այդ օրը, մի 9 գլուխ էլ, որոնց վզերը ծակել էր՝ տարբեր օրերի սատկեցին, չապրեցին»:

Ոչխարները պահում է գոմին կից փարախում: Նոր տարվա ձնառատ օրերին ոչխարների հոտը դաշտ չի տարել: Սովորաբար գիշերը պահում է գոմում, ցերեկը՝ փարախում:  Գայլը մտել էր փարախ ու հանգիստ որս արել: Աղասին զարմացած է, ասում է՝ եղել է դեպք, որ գայլերը գիշերով են մտել գոմ, բայց ցերեկվա ժամին քիչ է պատահել, որ գյուղ մտնի:

«Պատնեշի վրայից  էր թռել, մի ոչխար քաշել էր, ընկել դարպասի ու ձողի արանքը, չէր կարողացել անցկացնել, տեղում կերել էր»:

Ասում է՝  շների հաչոցները լսել է, բայց մտքով չի անցել, որ  վտանգի տակ են ոչխարները: Ոչխարաբուծությամբ զբաղվողները սովորաբար  «Կովկասյան գամփռ»   ցեղատեսակի շների ուղեկցությամբ են դուրս գալիս արոտ, իսկ երեկոյան շներին կապում են: Այդ օրը շները նույնպես կապված են եղել:

Ոչխարաբուծությունը Աղասու ընտանիքի միակ զբաղմունքն է, եկամուտը դրանց վաճառքից է ստանում: Գայլերից հոշոտված ոչխարները հղի էին:

«100 գլուխ ոչխար  ունեի, հիմա մնացել է 43 գլուխ, նրանցից 15-ն արդեն ծնել է: Նոր են սկսել ծնել՝ փետրվարի 17-ից սկսվում է մինչև մարտի 10-ը»:

Շուկայում հղի ոչխարների գինն ավելի բարձր է՝ 95000-ից 100 000 դրամ: Ոչխարների ծնի շրջանը փետրվար և մարտ ամիսներն են: Գայլերը զգալի նյութական  վնաս են հասցրել տնտեսվարողին:

Հիմա Աղասն ամեն օր մնացած ոչխարներին  արոտ է տանում  Քարակերտ գյուղի դաշտերում: Նրա ընտանիքը նպաստառու է: Գայլերի հասցրած վնասը որոշակի չափով մեղմելու նպատակով Բաղրամյանի ավագանու որոշմամբ նրան հատկացվել է 300 հազար դրամ:

«Ես հիմա, որտեղ, որ ապրում եմ, դա եղբորս տունն է, հորս տնից առանձնացել եմ: Ունեմ 3 անչափահաս երեխա, 5 հոգի ենք»:      

Նոյեմբերի վերջին այդպիսի դեպք է գրանցվել նույնպես Բաղրամյան համայնքի Արգինա  գյուղում՝ վնասելով շուրջ 60 ոչխար: Այս անգամ գայլը հարձակվել էր գիշերով, գոմի ապակե պատուհանը կոտրելով: Արգինա գյուղի վարչական ղեկավար Ռուստամ Արոյանն ասում է, որ գյուղում ոչխար պահողներ կան, գայլերի հարձակումներ 2-3 տարին մեկ անգամ լինում է, բայց այս չափի վնաս երբևէ չէր եղել:

«Այս անգամ վնասը շատ էր՝ մի 60 գլուխ ոչխար, որոնք պետք է ծնեին: Մայր ոչխարներ էին»:

Բաղրամյանի համայնքապետարանը 300 հազար դրամ էլ հատկացրել  գայլերից վնաս կրած Արգինա գյուղի բնակիչ Հարություն Ասատրյանին:

«Ոչխարաբույծը մի գյուղացու հետ պայմանագիր էր կնքել, որպեսզի 3 ոչխար  ու 3 գառ գնի, համայնքապետարանն էլ այդքանով օգնել է»:

Ոչխարաբուծությունը գյուղացիների համար ձեռնտու զբաղմունք է, ծախսը քիչ, եկամուտը շատ՝ հաշվի առնելով նաև գլխաքանակի անկումները, որոնք տարվա ընթացում այդքան էլ շատ չեն: Ամռանը սարերում գայլերի հարձակումներ դարձյալ լինում են, որ ոչ զանգվածային չափերի:

Leave a Comment