«Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամանյանը:
Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նա առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18․04․2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։
2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։