Ակնհայտ է, որ կենսաթոշակների՝ 10 հազար դրամով բարձրացումը թոշակառուների կյանքում ոչինչ չի փոխելու. միևնույն է, մարդիկ այսուհետ ևս չեն կարողանալու այդ գումարով արժանապատիվ ապրել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե խոսքը գնար խնդիրների ռեալ լուծման մասին, և իշխանությունը համակարգային բարեփոխումներ իրականացներ, միայն այդ դեպքում թոշակների բարրձացումը էական ազդեցություն կունենար թոշակառուների կենսամակարդակի բարելավման վրա։
«Բայց գործող իշխանությունը, ինչպեսև նախկին իշխանությունները, գերադասեցին սերտաճել օլիգարխիկ համակարգի հետ, քան թե լուծել առկա խնդիրները։ Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ պարտադրված է խնդիրներին ակնհայտ նախընտրական բնույթի, օպերատիվ, կոսմետիկ լուծումներ տալ, քան ունենալ ժողովրդի օբյեկտիվ աջակցությունը։ Սկսած 2025 թվականից՝ գործող իշխանությունները որոշում ընդունեցին, որ ավելի էֆեկտիվ է հենվել պետական համակարգի վրա, քան թե փորձել պահել ժողովրդական աջակցությունը։
Երկրորդը հանրային տրամադրությունների մեջ նկատվող որոշակի փոփոխություններն են. իշխանությունն ի սկզբանե նախատեսում էր ուշադրության կենտրոնում պահել խաղաղության, անվտանգության թեմաները, սակայն քանի որ այժմ սահմանին որոշակի կայուն վիճակ է, գործող վարչակազմը հասկացել է, որ պետք է ակտիվ օրակարգ բերի սոցիալական հարցերը»,- ասաց Դավիթ Հարությունովը։
Քաղաքագետը խիստ հավանական համարեց, որ մինչ հունիսին նախանշված ընտրությունները հանրությունն ականատես դառնա Նիկոլ Փաշինյնաի շրջադարձային այլ որոշումների ևս։
«Նա կարող է փոխել օրակարգն ու իր մոտեցումները։ Փաշինյանը նախկինում ցույց է տվել, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կարող է կտրուկ փոփոխություններ իրականացնել։ Դա նրա առավելություններից մեկն է։ Նախկինում նա բազմիցս ցույց է տվել, որ բացասական է վերաբերում Խորհրդային միությանը, սակայն շրջաններում նախընտրական հանդիպումների ժամանակ այդ ժամանակահատվածի վերաբերյալ դրական տեսակետներ էր հնչեցնում, կիրառում այդ ժամանակահատվածին բնորոշ հռետորաբանություն։
Կարծում եմ՝ որքան ընտրությունները մոտենան, այդքան նմանօրինակ իրավիճակների ենք ականատես լինելու։ Գործող իշխանությունները, ունենալով հիմնականում նեոլիբերալ գաղափարախոսություն, ներքաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կարող են լրիվ այլ բաներ ասել և անել։ Մնում է հասկանալ՝ դա որքան ձայներ կբերի։ Ամեն դեպքում, պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այս քայլը բավականին ուշացումով է նախաձեռնվել»,- ասաց քաղաքագետը։
Դավիթ Հարությունովը միաժամանակ հավելեց՝ Փաշինյանի թիմն այժմ սահմանափակ հանրային աջակցություն ունի և հիմնականում հենվում է պետական ապարատի և վերանախավի վրա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան։
Նրա խոսքով՝ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ։ Հաշվարկների մեջ հետվճարը ներառված չէ։
Հատկանշական է, որ ընտրությունների նախաշեմին թոշակների բարձրացման լուրը միանշանակ չի ընդունվել հանրության և փորձագիտական շրջանակների կողմից, և շատերի մոտ այս քայլն ընկալվում է որպես անուղղակի ընտրակաշառք։