Յուրաքանչյուր գործ դառնում է մեր կյանքի մի մասնիկը, և հեռանալով աշխատավայրից, մենք երբևէ դրանից չենք կտրվում․ Աբգար Պողոսյան

«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագծի շրջանակներում Iravaban.net-ի զրուցակիցը «Պողոսյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Աբգար Պողոսյանն է։ Նա պատմել է գրասենյակի որդեգրած քաղաքականության, փաստաբանի գործունեության, տարիների ընթացքում ձևավորված վստահության մասին:

-Պարոն Պողոսյան, խնդրում եմ պատմեք «Պողոսյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության մասին, հիմնականում ի՞նչ ոլորտով եք մասնագիտացված և ի՞նչ գործեր եք վարում։

Շուրջ հինգ տարի է արդեն, ինչ կա մեր ընկերությունը, մեր ընկերությունը զբաղվում է միմիայն քրեաիրավական վարույթներով, քրեական իրավունքին առնչվող ցանկացած վարույթով զբաղվում է մեր փաստաբանական ընկերությունը։

– Ձեր իրավաբանական ընկերությունը պաշտպանում է անձանց, ովքեր մեղադրվում են տարբեր քրեական հանցագործություններով՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և այլն։ Կխնդրեմ նշեք այս գործերով պաշտպանության բարդությունը ո՞րն է և ի՞նչ առանձնահատկություններ կան։

Յուրաքանչյուր վարույթ ունի իր առանձնահատկությունները, բնականաբար կախված մեղադրանքի ծանրության աստիճանից, նաև դրանով որոշակի առումով առկախված է լինում հիշյալ վարույթով զբաղվելու բարդությունները։ Կան հանցագործությունների տեսակներ, որոնցով ողջ իրավապահ համակարգը հետաքրքրություն է ունենում, բնականաբար հիշյալ դեպքում ավելի բարդ է լինում զբաղվել վարույթներով, բերել որոշակի փաստարկներ և ապացուցել պաշտպանյալի անմեղությունը։ Եվ տվյալ դեպքերում, երբ խոսքը գնում է արդեն առավել ծանր մեղադրանքի, բնականաբար առավել ծանր պատժի մասին, պաշտպանական կողմի մոտիվացիան ևս ավելի բարձր աստիճանի վրա է լինում, և սկզբունքայինությունը ավելի բարձր է լինում։ Սակայն կախված մեղադրանքի ծանրության աստիճանից, օրինակ, լրտեսության պետական դավաճանության դեպքերով ողջ իրավապահ համակարգը շահագրգռված է լինում հիշյալ անձի ենթադրյալ մեղավորությունը հիմնավորել, առանց, ըստ էության, խորությամբ վերլուծություն կատարելու, արդյո՞ք անձը կատարել է այդ արարքը, թե՝ ոչ։ Քանի որ որ ցավալիորեն պետք է ընդգծենք, որ իրավապահ մարմինները սովորաբար, երբ որ ֆիքսվում են X մեղադրյալի վրա, այլևս չեն նկատում վերջինիս անմեղությունը հիմնավորող ապացույցները, և իրենց համար գերխնդիր է լինում կոնկրետ անձի նկատմամբ մեղադրական վերտիկտ ստանալը։ Այս դեպքերում, երբ խոսքը գնում է նման վարույթների մասին, բնականաբար արդեն իրավապահ համակարգի ռեպրեսիան, հետաքրքրվածությունը առավել բարձր է լինում, և անհերքելի է, հնարավոր չի չպնդել, որ տվյալ պայմաններում շատ ավելի բարդ է պաշտպանությունը կառուցել, քան դիցուկ միջին ծանրության որևէ հանցանքի համար, որի դեպքում դատավարական հակառակորդների հետաքրքրվածությունը նման բարձր նիշ չունի։

-Ինչպե՞ս եք ընտրում ձեր ընկերության փաստաբաններին, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում ընտրության փուլում։

Մենք փորձել ենք մասնագիտական գիտելիքները և մարդկային արժեքները համադրել իրար, մեր համար յուրաքանչյուր վարույթ ունի իր կարևորությունը, յուրաքանչյուր գործ դա կապված է անձի ճակատագրի հետ, և հետևաբար յուրաքանչյուր գործը դառնում է մեր կյանքի մի մասնիկը, և հեռանալով աշխատանքի վայրից, մենք երբևէ դրանից չենք կտրվում, որովհետև պատկերացնում ենք մեր մասնագիտության և առաքելության կարևորությունը։ Մեր համար շատ կարևոր է իրավապաշտպան բնույթը նաև որպես առաքելություն իրականացնելը։ Հետևաբար մենք սրան չենք նայում զուտ որպես աշխատանք, սրա շրջանակներում նաև պատկերացնելով, թե ինչ կարևոր դեր ունի մեր աշխատանքը, մեր գործունեությունը անձի կյանքում։ Մենք բավականին հետաքրքիր համադրություն ունենք գրասենյակում, քննչական մարմնի նախկին բնականաբար ներկայացուցիչ, արդարադատության ոլորտի մեր գործընկերը նախկին դատավոր և արդեն քրեական հետախուզության մարմնի նախկին աշխատակից։ Կարծես, թե մեզ պակասում է մի միայն դատախազության նախկին ներկայացուցիչը, որպեսզի իրավապահ համակարգը ամբողջությամբ կարողանանք համեմել։

Մանրամասները տեսանյութում

«Հայաստանյան իրավաբանական ընկերությունները» Հատուկ նախագիծ

Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան

Լրագրող՝ Օֆելյա Արսենյան

Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան

Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան

Leave a Comment