Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործումը Հայաստանի քաղաքականության առաջնահերթություններից է

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։

Զինաթափման համաժողովի պատմական նշանակությունն ու դրա առանցքային դերը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում անհերքելի են, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես գալով Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։

«Շարունակվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, Համաժողովը պետք է դրսևորի նորացված քաղաքական կամք և հաղթահարի երկարամյա ընթացակարգային փակուղիները՝ համաշխարհային զինաթափման և անվտանգության ավելի լայն նպատակներն առաջ մղելու համար»,- ասել է նա։

Նախարարը 2026 թվականը համարել է վճռորոշ, քանի որ մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում։

«Հայաստանը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանը և ընդգծում դրա երեք հիմնասյուների՝ չտարածման, զինաթափման և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հավասարակշռված ու լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»։

Խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ապահով և անվտանգ օգտագործումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, շեշտել է նախարարը։

«Հայաստանի կառավարությունը որդեգրել է միջուկային էներգետիկան որպես երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային բաղադրիչ պահպանելու քաղաքականություն»,- ասել է Միրզոյանը։

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի՝ սպառազինությունների վերահսկման ռեժիմները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում են «բարեխղճորեն և հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ թափանցիկությամբ, ստուգելիությամբ, համապատասխանելիությամբ և զսպմամբ»։

Leave a Comment