Թուրքիան նոր Իրան է, հայտարարել է Իսրայելի նախկին վարչապետը

Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենետը, ելույթ ունենալով Երուսաղեմում անցկացվող Ամերիկյան հրեական կազմակերպությունների ղեկավարների համագումարում, հայտարարել է, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքում գլխավոր հակաիսրայելական ուժի դերում փոխարինում է Իրանին, հայտնում է Պակիստանում հրատարակվող անգլալեզու The Friday Times-ը։

Նրա խոսքով` Անկարան մեծ ջանքեր է գործադրում Սաուդյան Արաբիային իր կողմը գրավելու համար, եւ այդ հարցում նրան աջակցում է Կատարը։ Նախկին վարչապետի կարծիքով` նրանք միասին ձեւավորում են նոր արմատական սուննիական առանցք, որի մեջ ներգրավում են նաեւ միջուկային Պակիստանին։

Բենետը նշել է, որ Թուրքիան եւ Կատարը մեծ ազդեցություն ունեն Սիրիայում, ինչպես նաեւ փորձում են ամրապնդվել Գազայում։

Բենետի ելույթին արձագանքել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը` սոցիալական ցանցերում հրապարակելով համաժողովի տեսանյութը։ «Ահա այսպես կարելի է զսպել ցեղասպանական կազմավորումը Մերձավոր Արեւելքում»,- ասել է նա` հավելելով, որ «բռնակալության դեմ եւ անպաշտպան պաղեստինցիներին պաշտպանելու համար» առանցք է ձեւավորվում։

Leave a Comment