Փոփոխություններ զինվորական ծառայության պիտանիության գնահատման կարգում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանելու մասին» Ν 404-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկի բացատրական մասի՝

  • 13-րդ և 15-րդ կետերի երկրորդ պարբերությունների վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
  • «Այն դեպքերում, երբ հրազենային կամ ականապայթյունային վիրավորման հետևանքով առաջանում է «Ա» նիշով բնորոշված առողջական վիճակ, սակայն լիարժեք բուժման, վերականգնողական միջոցառումների և ապաքինման արդյունքում վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների դեպքում) կամ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) որոշակի գործառույթները, ապա 5-րդ սյունակով փորձաքննությունը կարող է իրականացվել՝ կիրառելով «Բ» նիշը։»
  • 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

    «Սույն կետով է փորձաքննվում ցանկացած մակարդակում վերին կամ ստորին վերջույթի (վերջույթների) բացակայությունը (ամպուտացիան): 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի զինվորական ծառայությանը, եթե ամպուտացիոն ծայրատի ձևավորումից և ապաքինումից հետո հենակով կամ պրոթեզավորմամբ վերականգնվել է տեղաշարժվելու ունակությունը (ստորին վերջույթի կամ վերջույթների բացակայության դեպքում) կամ պրոթեզավորմամբ վերականգնվել են վերին վերջույթի (վերջույթների) որոշակի գործառույթները: Չարորակ նորագոյացությունների կամ անոթային հիվանդությունների հետևանքով վերջույթի (վերջույթների) ամպուտացիոն բացակայությունը փորձաքննվում է նաև ըստ հիմնական հիվանդության կետի: Հրազենային կամ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողները պարտադիր պետք է փորձաքննության ներկայացվեն հոգեբույժի կողմից կատարված կոնսուլտացիայի տվյալներով:

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է N 404-Ն որոշման հավելված 1-ի որոշ կետերի բացատրական մասում որոշ առողջական վիճակների վերանայման անհրաժեշտությամբ։
Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում այն քաղաքացիների համար, ովքեր հրազենային կամ ականապայթյունային վիրավորումներից հետո ապաքինվել և մասնակի ֆունկցիոնալ վերականգնում են ստացել, կրկին դիմելու և ներգրավվելու պայմանագրային զինվորական ծառայությանը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

N 404-Ն որոշման հավելված 1-ի 13-րդ, 15-րդ կետերի «Ա» նիշի և 44-րդ կետի սահմանումները թույլ չեն տալիս, որպեսզի 5-րդ և 6-րդ սյունակներով փորձաքննվողները, որոնց գործառույթները վնասվել են, սակայն ապաքինումից հետո վերականգնվել են օժանդակող միջոցներով (հենակ, պրոթեզ, սայլակ), կրկին դիմեն պայմանագրային զինվորական ծառայությանը։
Փոփոխությունների արդյունքում նման քաղաքացիները հնարավորություն կստանան ներգրավվել ծառայության։

Ու՞մ կողմից է մշակվել նախագիծը

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության  նախարարության կողմից։

Ֆինանսական ազդեցությունը

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների կամ լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում։

 

Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագիծը նպատակ ունի ապահովել, որ որոշակի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող քաղաքացիները կարողանան դիմել և ներգրավվել պայմանագրային զինվորական ծառայության համար՝ փորձաքննության ընթացքում սահմանափակմամբ պիտանիության եզրակացության հնարավորությամբ։

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի պահանջների ապահովման հետ՝ ներառյալ զինված ուժերում բարոյահոգեբանական վիճակի բարելավումը, զինծառայողների առողջության պաշտպանությունը և մարդու իրավունքների պաշտպանության բարձրացումը։

 

Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net -ը։

Leave a Comment