Հինգ անշարժ գույք կճանաչվի հանրության գերակա շահ՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար․ նախագիծ

Iravaban.netուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածը, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, Երևանի գլխավոր հատակագիծը և 2023 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը։

Նախագծի նպատակն ու անհրաժեշտությունը

Նախագիծը նպատակ ունի ապահովել Ծովակալ Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցումը։ Արդյունքում նախատեսվում է՝

  • շարունակել Մոնթե Մելքոնյան փողոցի կառուցված ճանապարհը և կապել այն Արշակունյաց պողոտային,
  • նվազեցնել մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը,
  • կրճատել երթևեկության տևողությունը և խցանումները, ապահովելով անվտանգ ու արդյունավետ երթևեկություն,
  • իրականացնել «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր»-ի շինարարական հատվածը՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ պետական միջոցների ֆինանսավորմամբ։

Առկա իրավիճակ և խնդիրներ

  • Ծրագիրը ֆինանսավորվում է 85,67 միլիոն ԱՄՆ դոլար վարկային համաձայնագրով (ներկայացվող ճանապարհահատվածի պետական ֆինանսավորում՝ 20,5 միլիոն ԱՄՆ դոլար),
  • Նախատեսված է ավարտը՝ 2028 թ. մարտի 30-ը,
  • Նախագծի նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, շինարարության թույլտվությունը ստացված է, մրցույթներ են անցկացվել շինարարական և տեխնիկական հսկողության խորհրդատուների համար,
  • Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թ. գարնանը, ուստի անհրաժեշտ է ապահովել գույքների օտարման գործընթացը։

Օտարման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարությունը 2023 թ. օգոստոսի 11-ին որոշել է 27 անշարժ գույքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Սակայն հետազոտման և տեղամասային վերլուծության արդյունքում պարզվել է, որ որոշ գույքներ չեն ընդգրկվել նախկին որոշման մեջ կամ գերակա շահի ռեժիմը կորցրել է ուժը։ Նախագծով առաջարկվում է 5 գույքերի նկատմամբ նորից ճանաչել հանրության գերակա շահ՝ ծրագրի ամբողջական իրականացման համար։

Օտարման ենթակա գույքեր 

NN

ը/կ

Վարչական շրջանը Գույքի հասցեն Հողամասի կադաստրային

ծածկագիրը

Սեփականատերը
1․ Շենգավիթ Կաշեգործների փող,468 01-011-0066-0131 քաղաքացի
2․ Շենգավիթ Կաշեգործների փող 466 01-011-0066-0132 քաղաքացի
3․ Շենգավիթ Կաշեգործների փ., 468/2 01-011-0054-0143 քաղաքացի
4․ Կենտրոն Ծովակալ Իսակովի պողոտա 10/6 01-006-0618-0019

 

քաղաքացի
5․ Շենգավիթ Կաշեգործների փ., 474 01-011-0066-0133 քաղաքացի

Օտարման կարգավիճակ և ընթացակարգեր

  • Օտարման բոլոր գործողությունները իրականացվում են ՀՀ կառավարության 2007 թվականի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և 2016 թվականի N 739-Ն որոշմամբ սահմանված արձանագրության օրինակելի ձևերով

Նախագծի հիմնական դրույթները

  • Հանրության գերակա շահ ճանաչումը
  • Նախագծի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված գույքերը ճանաչվում են հանրության գերակա շահ ունեցող, որը գերակայում է սեփականատերերի շահերին։
  • Սա հիմնավորվում է այն հանգամանքով, որ ճանապարհի կառուցման արդյունքում կկրճատվի կենտրոնի երթևեկության ծանրաբեռնվածությունը և կբարձրանա բնակչության անվտանգությունը և կյանքի որակը։
  • Սեփականության ձեռք բերող և օտարման գործընթացը
  • օտարվող սեփականության ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
  • սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 1-ն է.
  • նախատեսված սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում են Երևանի քաղաքապետին.
  • սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

Ակնկալվող արդյունքներ

  • Ծավալված ճանապարհահատվածի կառուցումը հնարավոր կլինի իրականացնել ամբողջությամբ և ժամանակին՝ առանց հետաձգումների:
  • Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2026 թ. գարնանը:
  • Երևանի կենտրոնական փողոցների երթևեկությունը կբարելավվի, երթևեկության տևողությունը կկրճատվի, խցանումները կնվազեն:
  • Օտարման գործընթացը կիրականացվի օրենքով սահմանված կարգով՝ բացառելով լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտները:
  • ՀՀ պետական և տեղական բյուջեների վրա լրացուցիչ ֆինանսական ազդեցություն չի սպասվում:

Ռազմավարական կապը

  • Նախագիծը համահունչ է Երևանի ավագանու 2024–2028 թթ. զարգացման ծրագրին և Երևանի գլխավոր հատակագծին՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցումը առաջնահերթություն է:
  • Համապատասխանում է ՀՀ կառավարության 2021–2026 թթ. ծրագրի կետերին, որոնք ընդգծում են ճանապարհային ցանցի զարգացումը, տնտեսության և սոցիալական կյանքի բարելավումը, մարդկանց կենսական մակարդակի բարձրացումը:

Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Նախագծի կարգավորումներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment