Ոստիկանությունը ձերբակալել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կրտսեր եղբորը՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորին, հայտնում է BBC-ն։
Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորը տեղափոխվել էր Նորֆոլք և բնակություն հաստատել Սանդրինգհեմ կալվածքում, երբ զրկվել էր իր թագավորական տիտղոսներից։ Փետրվարի 19-ին նա դարձել է 66 տարեկան։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ձերբակալվածը կասկածվում է պաշտոնեական հանցագործության մեջ։ The Telegraph-ի տվյալներով՝ ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ իրականացվող հետաքննության հետ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքների ֆոնին։
Թերթի հաղորդմամբ՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում Սանդրինգհեմի տարածքում գտնվող Wood Farm ֆերմայում նկատվել է 6 չնշանավորված ոստիկանական ավտոմեքենա և քաղաքացիական հագուստով մոտ 8 իրավապահ։
Մոտ կես ժամ անց տարածքից հեռացել է 1 ոստիկանական մեքենա, այնուհետև՝ ևս մեկը։ Դրանից հետո տարածքը լքել է երրորդ ավտոմեքենան, ենթադրաբար՝ Էնդրյուի անվտանգության ծառայության աշխատակիցներով։
Էնդրյուն վերջին տարիներին ճնշման տակ է իր վարքի և դատապարտված սեռական հանցագործ Էփշտեյնի հետ բարեկամության պատճառով։ 2025 թվականի հոկտեմբերին նա ստիպված էր հրաժարվել Յորքի դուքսի տիտղոսից։ Այժմ Էնդրյուն զրկվել է նաև մնացած բոլոր տիտղոսներից։
