ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում նիդերլանդական «ԱԶ Ալկմարը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Նոային»։
Նիդերլանդական թիմի գլխավոր մարզիչ Լերոյ Էխտելդը խաղից առաջ կիսվել է սպասելիքներով և վերլուծել հայկական ակումբի հնարավորությունները։
«Դեռ չեմ կարող ասել, որ մենք կայուն ենք, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք։ «Այաքսի» և «Էքսելսիորի» դեմ խաղերի երկրորդ խաղակեսերը հաջող ստացվեցին, սակայն մենք պարտավոր ենք նույն որակը ցուցադրել հենց մեկնարկային րոպեներից։ Մենք դեռ փնտրում ենք մեր խաղը, և լավ պահերը դեռ կարելի է մատների վրա հաշվել։
Մենք ուզում ենք հնարավորինս առաջ գնալ, իսկ դրա համար անհրաժեշտ է հաղթել։ Թեև մրցաշարում դեռ հստակ ձևակերպված նպատակ չունենք, բայց ՈւԵՖԱ-ի վարկանիշային միավորների համար կանենք առավելագույնը։
Ինչ վերաբերում է մրցակցին՝ «Նոան» պինդ թիմ է։ Կազմում շատ են տարիքային ֆուտբոլիստները. միջին տարիքը 28-ից բարձր է, ինչը նշանակում է, որ գործ ունենք փորձառու և ֆիզիկապես ուժեղ մրցակցի հետ։ Նրանք հնարավորություն են ունեցել օպտիմալ կերպով նախապատրաստվելու այս խաղին, սակայն, մյուս կողմից, նրանց մոտ բացակայում է խաղային ռիթմը՝ վերջին երկու ամսում պաշտոնական հանդիպում չունենալու պատճառով։ Ամեն դեպքում, մենք լուրջ դիմադրություն ենք սպասում», – նշել է Էխտելդը։
«Նոա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։