Միրզոյան․ Մեր բալանսավորված արտաքին քաղաքականության հիմքում ՀՀ ինքնիշխանությունն է

Միրզոյան․ Մեր բալանսավորված արտաքին քաղաքականության հիմքում ՀՀ ինքնիշխանությունն է

19 փետրվարի 2026 – 10:34 AMT

PanARMENIAN.NetՀայաստանի բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության հիմքում դրված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Ռեստարտ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական քննարկմանը, որին մասնակցել է մոտ 200 երիտասարդ Երևանից և մարզերից։

Նա պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող մոտ երկու տասնյակ հարցերի։ Ակտիվ և բաց քննարկման ձևաչափով անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններին։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության ամրապնդման հեռանկարները, հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման քայլերը, առկա համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերությունների զարգացման հարցերը։

Այլ թեմաների թվում ուշադրություն է դարձվել տարածաշրջանային ապաշրջափակման նախաձեռնություններին, այդ թվում՝ TRIPP նախագծի կյանքի կոչման արդյունքում Հայաստանի համար ձևավորվող նոր հնարավորություններին։

Հանդիպման սկզբում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթությունները՝ անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին, Ադրբեջանի հետ խաղաղության հետևողական ամրապնդմանը, ինչպես նաև գործընկերային կապերի զարգացման ուղղությամբ որդեգրված մոտեցումներին։

Երիտասարդների հարցերին ի պատասխան՝ Միրզոյանը խոսել է նաև հիբրիդային սպառնալիքների բնույթի, դրանց դրսևորումների և արդյունավետ հակազդման գործիքակազմի մասին։

Քանի որ հանդիպումը կազմակերպվել է «Գրքի օրվա» նախաշեմին, ավարտին նախարար Միրզոյանը գրքեր է նվիրել այն երիտասարդներին, ովքեր քննարկմանը առավել ակտիվ են մասնակցել իրենց հարցադրումներով։

Leave a Comment