ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կողմերի հանդիպման կազմակերպման հարցում Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերի շնորհիվ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Այսօր նախագահ Թրամփի հրահանգով Միացյալ Նահանգները հանդես է եկել որպես Ուկրաինայի և Ռուսաստանի հետ եռակողմ քննարկումների երրորդ շարքի մոդերատոր», – նշել է Ուիտկոֆը:
Նա հավելել է, որ փետրվարի 17-ին կայացած բանակցությունների մանրամասները երկու կողմերը համաձայնել են տեղեկացնել իրենց առաջնորդներին և շարունակել աշխատանքը համաձայնության հասնելու ուղղությամբ:
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում: Հանդիպումը տևել է 6 ժամ և ըստ հանդիպմանը քաջատեղյակ աղբյուրի՝ շատ լարված է եղել: Շփումները կրել են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ բնույթ. երկխոսությունն ընթացել է ռուս-ամերիկյան, ռուս-ուկրաինական և ռուս-ամերիկյան-Ուկրաինական բանակցությունների ձևաչափով:
Ուկրաինայի կարգավորման շուրջ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի պատվիրակությունների բանակցությունները կշարունակվեն այսօր Ժնևում:
