Ուկրաինայի նախկին նախարարը մեղադրվում է միլիոնավոր դոլարների լվացման համար

Ուկրաինայի հակակոռուպցիոն գործակալությունը մեղադրանք է առաջադրել էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոյի նկատմամբ՝ միլիոնավոր դոլարների լվացման համար։

Գալուշչենկոն 2021–2025 թվականներին զբաղեցրել է էներգետիկայի նախարարի պաշտոնը, այնուհետև կարճ ժամանակով արդարադատության նախարար է եղել։ Նա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, որ ձերբակալվել է «Միդաս» գործի շրջանակում՝ պետական միջուկային ընկերությունում 100 միլիոն դոլար կաշառքի ծրագրի կասկածանքով:

Կոռուպցիոն այս սկանդալի մեջ են ներգրավված Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարար էլիտայի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ գործընկերներից մեկը, ինչը մտահոգել էր Կիևի արևմտյան դաշնակիցներին։

Հակակոռուպցիոն գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ Գալուշչենկոն ավելի քան 7 միլիոն դոլար է փոխանցել օտարերկրյա հաշիվներին, որտեղ որպես շահառուներ նշված են եղել նրա կինն ու չորս երեխաները: Գումարի մի մասը ծախսվել է երեխաների՝ շվեյցարական էլիտար դպրոցներում սովորելու վրա, մյուս մասը տեղադրվել է «դեպոզիտ, որտեղից բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքը ստացել է լրացուցիչ եկամուտ և ծախսել անձնական կարիքների համար»: Գալուշչենկոն մեղքը չի ընդունում։ Ազգային հակակոռուպցիոն գործակալությունը հայտնում է, որ նա ձերբակալվել է «պետական սահմանն անցնելիս»՝ առանց մանրամասնելու, թե որտեղ է տեղի ունեցել ձերբակալությունը:

Leave a Comment