Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել նոր առաջարկով։ Սոցիալական ցանցի իր էջում պատգամավորը տեսանյութ է հրապարակել հայտնելով, որ առաջարկում է ժամկետային զինվորական ծառայություն ավարտող բոլոր զինվորներին տրամադրել 1․5-3 միլիոն դրամ գումար։ Նշել է, որ գումարը չի վճարվելու պետական բյուջեից։
«Առաջարկում եմ ստեղծել զինվորների հատուկ ֆոնդ, որտեղ կմուտքագրվեն գործող և առաջարկվող օրենսդրական փոփոխություններով մուտքագրվող բոլոր գումարները։ Տարվա ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը հավասարաչափ կբաշխվի այդ տարի զորացրվող զինծառայողների միջև, որքան ավելի մեծ թվով հետախուզվող քաղաքացիներ վերադառնան և վճարեն, որքան ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ դիմեն և դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այդքան ավելի մեծ գումար կհավաքագրվի և կբաշխվի մեր զինծառայողների միջև։ Այս գումարը 20 տարեկան երիտասարդը կարող է ծախսել կրթություն ստանալու, սեփական գործ սկսելու կամ կյանքի առաջին լուրջ քայլերը անելու համար։ Ծառայող տղաները կհասկանան, որ ծառայությունից հետո իրենց սպասվում է մեկնարկային կապիտալ և իրական հնարավորություն նոր կյանքի համար»,- հավելել է Սարգսյանը։
Ֆոնդի ձևավորման աղբյուրները հետևյալն են՝
- Արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները կարող են վճարել 15 միլիոն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս օրենքով արդեն իսկ հավաքագրվել է երկու միլիարդից ավել գումար: Առաջարկվում է այս ամբողջ գումարը ուղղել զինվորների հատուկ ֆոնդին:
- Մեկ այլ օրենքով չծառայած և 27 տարին լրացնելուց հետո հաշվառման կանգնած քաղաքացիները նույնպես պարտավոր են վճարել գումարներ։ Այս գումարները ևս առաջարկվում է ուղղել զինվորների հատուկ ֆոնդ։
- 27 տարին լրնալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները նույնպես պարտավոր են ծառայել մեկ տարի ժամկետով կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Պատգամավորի հաղորդմամբ՝ օրենքով արդեն իսկ հավաքագրվել է 160 միլիոն դրամ Հավաքվող գումարները ևս առաջարկվում է փոխանցել զինվորների հատուկ ֆոնդին։
- Բազմաթիվ տղաներ մինչև 18 տարին լրանալը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, որպեսզի հետագայում չանցնեն պարտադիր զինվորական ծառայություն։ Միայն 2025 թվականին 2811 արական սեռի քաղաքացիներ մինչև 18 տարին լրանալը հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Առաջարկվվում է քաղաքացիությունից հրաժարվելու համար սահմանել 15 միլիոն դրամ և այս ամբողջ գումարը ևս ուղղել զինվորների հատուկ ֆոնդին։
- Պատգամավորը առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար 2.5 միլիոն դրամ վճարելու հնարավորությունը տարածել նաև 18-ից 27 տարեկան քաղաքացիների վրա։ «Սա կմոտիվացնի, որպեսզի մեր հայրենակիցները չսպասեն մինչև իրենց 27 տարին լրանալը, այլ 18 տարեկանից սկսած գան Հայաստանի Հանրապետություն, դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վճարեն 2.5 միլիոն դրամ։ Հավաքագրված ամբողջ գումարները ևս կուղղենք զինվորների հատուկ ֆոնդին»,- հավելել է Սարգսյանը։
- Վեցերորդ կետով՝ կրճատված ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն տալ նաև 18-ից 27 տարեկան տղաներին, որպեսզի նրանք ստիպված չլինեն սպասել, մինչև լրանա իրենց 27 տարին։
Ամփոփելով պատգամավորը տեղեկացրել է, որ այս պահին ունենք 4000-ից ավել հետախուզվող տղաներ և հնարավոր է ահռելի ֆինանսական միջոցներ գեներացնել այս օրենքի շնորհիվ, և այս ամբողջ գումարը ևս կուղղենք զինվորների հատուկ ֆոնդին։