Սկսվել է Մեծ պահքը – PanARMENIAN.Net

Սկսվել է Մեծ պահքը

16 փետրվարի 2026 – 12:58 AMT

PanARMENIAN.NetՄեծ պահքը եկեղեցական տոնացույցի ամենաերկար պահքն է, որը սկսվում է Բուն բարեկենդանին հաջորդող օրը և տևում մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն: Այս տարի այն սկսվում է փետրվարի 16-ից:

Թեպետ Մեծ պահքը հաճախ անվանում են Քառասնորդական, այն իրականում տևում է 48 օր: Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Քառասնօրյա շրջանին հաջորդել է ևս մեկ շաբաթյա պահոց շրջան՝ Ավագ շաբաթը, ինչի արդյունքում պահքը տևել է 48 օր։

Պահեցողության ընթացքում մարդիկ հրաժարվել են ոչ միայն որոշ սննդատեսակներից, այլև վնասակար սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից։ Զղջումը, աղոթքը և ապաշխարությունը համարվել են Աստծո բուժիչ ու քավիչ զորությունն ստանալու հիմնական նախապայմաններ, ասվում է Qahana.am կայքում:

Մեծ պահքը ունի յոթ կիրակի և յոթ հիշարժան օր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ։

Պահքի շրջանը բաժանվել է միջինքով, սակայն այդ օրը պահքը չի ընդհատվել։ Ժողովրդական սովորության համաձայն՝ այդ օրը բաղարջից պատրաստվել է պահոց գաթա։

Վաղնջական կանոններով Մեծ պահքի ընթացքում արգելվել են պսակադրություններն ու մատաղը, սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվել է պսակադրություն կատարել Մեծ պահքի շաբաթ և կիրակի օրերին՝ բացառությամբ Ավագ շաբաթվա բոլոր օրերի։

Պահքի օգտակարությունն ընդգծվել է նաև բժշկական տեսանկյունից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային և կենդանական սննդի անցկացվել է օրգանիզմի համար նպաստավոր պայմաններում։ Միաժամանակ սխալ է համարվել այն ընկալումը, թե պահքը պարզապես դիետա է՝ նիհարելու կամ հիվանդություններից ազատվելու նպատակով։ Այն չի սահմանափակվել միայն կենդանական սննդից հրաժարմամբ, այլ նախ և առաջ ընկալվել է որպես հոգեկան ու բարոյական ախտերից, մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից և գործերից մաքրվելու, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալու ընթացք։ Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Միաժամանակ անհրաժեշտ է խուսափել մեկ այլ ծայրահեղությունից՝ պահեցողության մեջ թուլացող եղբայրակցին դատելուց, որովհետև «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):

Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվարկել են Մեծ պահքի յոթ կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին դրանք օժտել է սուրբգրային հիմք ունեցող առանձնահատուկ անուններով և խորհուրդներով։ Այս կերպ կազմվել է խորհրդանշական շղթա, որն արտացոլել է մարդու դրախտային կյանքը, պատվիրանազանցությունն ու անկումը, աստվածորոնումն ու աստվածային նախախնամությամբ փրկագործության ամբողջ ընթացքը։

Մեծ պահքին անմիջապես հաջորդում է Ավագ շաբաթը, որը ներառում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրադարձությունները՝ հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու հրաշափառ Հարությունը՝ Սուրբ Զատիկը։

Leave a Comment