ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան՝ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ իրանական ինտերնետի անջատումների ֆոնին, հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Ըստ թերթի՝ ԱՄՆ-ն Իրան է ուղարկել մոտ 6000 Starlink տերմինալ։ Թերթը նշում է, որ սա ԱՄՆ կառավարությունից Իրան տերմինալների առաջին ուղղակի առաքումն է։
Մինչ այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը գնել է մոտ 7000 Starlink սարք՝ Իրանի ակտիվիստներին օգնելու՝ շրջանցել ինտերնետի անջատումները։ WSJ-ն նշում է, որ Թրամփը տեղյակ էր Starlink-ի Իրան առաքումների մասին։
Թերթը գրում է, որ ԱՄՆ-ն հերքում է Իրանում տեղի ունեցած բողոքի ալիքին իր մասնակցությունը, սակայն Starlink արբանյակների առաքումը ցույց է տալիս, որ Թրամփի վարչակազմը աջակցել է հակակառավարական գործունեությանը։
Իրանում Starlink-ի օգտագործումն անօրինական է և ենթադրում է երկարատև ազատազրկում: Այնուամենայնիվ, ըստ ակտիվիստների և վերլուծաբանների, տասնյակ հազարավոր իրանցիներ արդեն օգտագործում են արբանյակային տերմինալները, հաղորդում է WSJ-ն: Ի պատասխան, Իրանի իշխանությունները խուզարկություններ են անցկացնում տներում և տանիքներում՝ փնտրելով Starlink-ի օգտագործման ապացույցներ:
Զանգվածային բողոքի ցույցերը Իրանում սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերին: Հունվարի 8-ին՝ անկարգությունների ֆոնին, Իրանի կառավարությունը անջատել էր ինտերնետը և բջջային կապը երկրում: Ըստ Bloomberg-ի՝ Իլոն Մասկի ամերիկյան SpaceX ընկերությունն իր Starlink արբանյակային ծառայությունն անվճար է դարձրել Իրանում՝ համազգային ինտերնետի անջատման ֆոնին:
