Սահմանվել է ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

  1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:
  2. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։
  3. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ: 
  4. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը սահմանելու մասին» հարցի վերաբերյալ։ 
  5. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցի վերաբերյալ։

Հանձնաժողովը, հաստատելով նիստի օրակարգը, որոշել է հայտարարել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարկված է ՀՀ հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» և ՀՌՀ-ի «www.tvradio.am» պաշտոնական ինտերնետային կայքերում: 

Այնուհետև Հանձնաժողովը բավարարել է «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտը, ինչպես նաև հաստատեց «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ-ի ներկայացրած տեսալսողական ծրագրերի ծանուցումները:  

Հաջորդիվ Հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը.

  1. հանրային տեսալսողական հեռարձակողի`
  • «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրի համար 45.000 (քառասունհինգ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ), 
  •  «Առաջինի լրատվական ալիք» տեսալսողական ծրագրի համար 18.000 (տասնութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։
  1. հանրային լսողական հեռարձակողի համար 1.800 (մեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Վերջին հարցով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաստատել է «ՀՀ Ազգային ժողովի 2026թ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը»։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՌՀ-ից։

Սույն որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։ 

Leave a Comment