Քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագիծը

Ազգային ժողովը փետրվարի 11-ի նիստում քննարկել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին, եւ այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով: Քաղաքական տարբեր ընդդիմախոսների վերաբերյալ տրվել են ձեւակերպումներ: «Ի՞նչ իրավունք ունի անկախ պետական մարմնի անդամը, որը Սահմանադրությամբ պարտավոր է ցուցաբերել չեզոքություն, զսպվածություն, նման գնահատականներ հնչեցնի»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:

Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերը վկայում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի պայմաններից որեւէ մեկը խախտելու դեպքում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը հարակից զեկույցում ներկայացրել է ԿԿՀ եզրակացությունը: ԿԿՀ-ն քննարկել է 2025 թվականի փետրվարի 13-ի հարցազրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանի խոսքի մի քանի հատված, սակայն խախտում արձանագրել է դրանցից միայն մեկով: Հանձնաժողովն արձանագրել է, որ Հակոբ Հակոբյանի խոսքն այնքանով, որքանով պարունակում է քաղաքական կուսակցության ներկա գործունեության եւ գաղափարախոսության քննադատություն, հանգեցրել է վարքագծի կանոնագրքի 64-րդ կետի խախտման:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ ինքը հակադաշնակցական չէ, երբեք չի եղել ու հավելել, որ Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով: Հակոբ Հակոբյանը՝ որպես նաեւ մտավորական, ներկայացրել է իր դիրքորոշումը եւ խոսել պատմական, քաղաքական տարբեր իրողությունների մասին: Նրա գնահատմամբ այս բարդ ժամանակներում իր անաչառությունն ամեն գնով փորձել պահպանող, դաշտի իրարամերժությունը հավասարակշռող ՀՌՀ մտավորական անդամից պահանջվող կոռեկտությունը չպետք է նշանակի ձայնազրկություն կամ տվյալ իրավիճակի նպատակներով սեփական մոտեցումների զգուշավոր քողարկում: «Զսպվածության կոչը մեզ չպետք է հասցնի նրան, որ մենք թաքցնենք պատմության եւ պատմականության մեր ընկալումները, վախենանք խոսել կոռուպցիայի մասին թե՛ քաղաքական ու տնտեսական, թե՛ հայրենասիրական, քանի որ հայրենասիրությունը նույնպես կարող է կոռումպացված լինել: Մանավանդ, իմ հարցազրույցում ես խոսել եմ ոչ թե ԱԺ-ում ՀՅԴ գործունեության մասին, այլ հայոց պատմության մի ողբերգական շրջանի»,- արձանագրել է ՀՌՀ անդամը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը փաստել է՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն աշխատում է օրենքի շրջանակում:

Հարցի քննարկումը կշարունակվի փետրվարի 12-ի նիստում:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ օրվա վերջին հիմնական նիստի ընթացքում ՀՀ վարչապետը եւ Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Leave a Comment