11 փետրվարի 2026 – 15:47 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է «բանտարկյալների ազատ արձակման հարցը»: Այս մասին հայտնել է փոխնախագահի մամուլի խոսնակը, տեղեկացնում է «Ազատությունը»:
«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», – փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը չի ներկայացրել, թե ինչ արձագանք է ստացել Ադրբեջանի ղեկավարությունից, և արդյոք կողմերը որևէ պայմանավորվածության են հասել կապված այս հարցի հետ։
Հայտարարության մեջ չի նշվում, թե որ բանտարկյալների մասին է խոսքը՝ արդյոք կոնկրետ հայ գերիների:
Նախքան Բաքու մեկնելը Ջեյ Դի Վենսը Երևանում հայտարարել էր, որ մտադիր է Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել հայ ռազմագերիների հարցը։
Բաքվում պահվող հայ գերիներից մի քանիսը դատապարտվել են երկարատև ազատազրկման, իսկ որոշների նկատմամբ կիրառվել են ցմահ պատիժներ։