Նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն

Նախագծերի ընդունումը նպատակ ունի հստակեցնել ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակը, սահմանել նրանց պատասխանատվության չափորոշիչները եւ ապահովել մասնագիտական վերապատրաստման շարունակականությունն ու գործունեության բարելավումը:

Ազգային ժողովը փետրվարի 10-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

Զեկուցողը հայտնել է, որ նախաձեռնությամբ  ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն՝ կրտսեր, առաջատար եւ գլխավոր: Հստակ ամրագրվում է, թե որ խմբի գնահատողներն ինչ գնահատություն կարող են իրականացնել:

Նախատեսվում է, որ այս պահին գործող բոլոր գնահատման գործունեության որակավորման վկայականները համարվելու են 1-ին կարգի գնահատողի որակավորման վկայականներ:

Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախատեսվում է ներդնել գնահատողի որակավորման վկայականի կասեցման ինստիտուտ եւ սահմանել դրա կիրառման համապատասխան հիմքերը:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղեկացրել է, որ անշարժ գույքի բոլոր հաշվետվությունների վերաբերյալ տվյալները պետք է մուտքագրվեն հաշվառման ծրագրի համապատասխան նույնականացման տվյալներով: Գնահատողի որակավորման վկայական ստացած անձին որակավորման վկայական տրամադրելու օրվանից մեկ տարի ժամկետով գնահատման գործունեություն իրականացելու համար տրվում է 20 միավոր: Գնահատողին յուրաքանչյուր հաջորդ տարի տրվում է 20 միավոր, ընդ որում՝ նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարի:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Leave a Comment