9 փետրվարի 2026 – 11:01 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանը ներառված է այն երկրների թվում, որոնք հրավիրված են մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կայանալիք Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովին: Այդ մասին ասվում է Axios-ի հրապարակման մեջ:
Գագաթնաժողովն անցկացվելու է փետրվարի 19-ի: Հետխորհրդային երկրներից հրավիրված են նաև Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը: Ընդհանուր առմամբ հրավիրված է 60 երկիր:
«Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովը կարող է դառնալ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ազդեցության նոր ճարտարապետության ցուցադրություն»,-ասվում է հրապարակման մեջ:
ՀՀ-ն մասնակցել է հունվարի 22-ին Դավոսում կայացած Խաղաղության խորհրդի առաջին հավաքին որպես հիմնադիր անդամ: Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը:
Ստորագրման արարողությանը ՀՀ-ից բացի մասնակցել են ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները: