Սաուդյան Արաբիայի պրոֆեսիոնալ լիգան հայտարարություն է տարածել Ռոնալդուի բոյկոտի վերաբերյալ

Սաուդյան Արաբիայի Պրո լիգան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ի պատասխան «Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուի դժգոհությունների և խաղերը բոյկոտելու սպառնալիքի։

Միջազգային մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ պորտուգալացին մտադիր է բոյկոտել առաջնության արդեն երկրորդ հանդիպումը։ Ռոնալդուի դժգոհության հիմնական պատճառը ֆինանսական անհավասարությունն է․ ֆուտբոլիստը կարծում է, որ Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամը (PIF), որին պատկանում են երկրի չորս առաջատար ակումբները, անհամեմատ ավելի մեծ ֆինանսական աջակցություն է տրամադրում մրցակից «Ալ-Հիլալին»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ստեղծված իրավիճակի պատճառով Ռոնալդուն դիտարկում է նաև ամռանը ակումբից հեռանալու տարբերակը։

Ստեղծված լարվածության ֆոնին Պրո-լիգայի ղեկավարությունը հերքել է կողմնակալության մեղադրանքները՝ պնդելով, որ յուրաքանչյուր ակումբ գործում է անկախ։

«Սաուդյան պրոֆեսիոնալ լիգան կառուցված է պարզ սկզբունքի վրա՝ յուրաքանչյուր ակումբ գործում է անկախ և առաջնորդվում է միևնույն կանոններով։

Ակումբներն ունեն իրենց տնօրենների խորհուրդները, ղեկավար կազմը և ֆուտբոլային մենեջմենթը։ Տրանսֆերային քաղաքականության, ծախսերի և ռազմավարության վերաբերյալ որոշումները կայացվում են հենց ակումբների կողմից՝ հաստատված ֆինանսական կառուցակարգերի շրջանակում, որոնք կոչված են ապահովելու կայունություն և մրցակցային հավասարակշռություն։ Այս կառուցակարգը հավասարապես կիրառվում է ամբողջ լիգայի համար։

Կրիշտիանուն Սաուդյան Արաբիա ժամանելու պահից լիովին ներգրավված է «Ալ-Նասրի» կյանքում և առանցքային դեր է խաղացել ակումբի զարգացման ու ամբիցիաների իրագործման հարցում։ Ինչպես ցանկացած բարձրակարգ մարզիկ, նա ցանկանում է հաղթել։ Սակայն ոչ ոք, որքան էլ նշանակալի դեմք լինի, իրավասու չէ որոշումներ կայացնել իր ակումբի սահմաններից դուրս»,-նշված է հայտարարությունում:

Լիգայի ներկայացուցիչները նաև ընդգծել են, որ վերջին տրանսֆերային պատուհանի ակտիվությունը վառ ապացույցն է ակումբների անկախության, քանի որ յուրաքանչյուր թիմ ընտրել է ուժեղացման իր ռազմավարությունը՝ գործելով հաստատված բյուջեի սահմաններում։

Leave a Comment