Օրբանը հաստատել է Խաղաղության խորհրդի առաջին նիստին իր մասնակցությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կմասնակցի Խաղաղության խորհրդի առաջին նիստին, որը երկու շաբաթ անց տեղի կունենա Վաշինգտոնում։ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ կմեկնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։

Ավելի վաղ Օրբանը ընդունել էր ամերիկացի առաջնորդի առաջարկը՝ Հունգարիային ընդգրկելու Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմում, որը կզբաղվի նաև այլ տարածաշրջաններում առկա հակամարտություններով։

«Երեկ երեկոյան նրանից հրավեր ստացա, և երկու շաբաթ անց մենք կրկին կհանդիպենք Վաշինգտոնում»,-ասել է Օրբանը, որի ելույթը հեռարձակել է M1 հեռուստաալիքը։ Նա պարզաբանել է, որ այնտեղ տեղի կունենա Խաղաղության խորհրդի առաջին նիստը՝ ԱՄՆ նախագահի նախագահությամբ։

Այս շաբաթ Թրամփը հրապարակայնորեն աջակցել է Օրբանի թեկնածությանը Հունգարիայի վարչապետի պաշտոնում՝ ապրիլի 12-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Օրբանը եվրոպացի այն միակ առաջնորդն էր, որը աջակցել էր Թրամփին 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։

Leave a Comment