
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մրցանակը։
Արարողության ժամանակ երկու երկրների առաջնորդները հանդես են եկել ելույթով ու խոսել էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պատվավոր մրցանակը ստանալը անիմաստ կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես չշրջեին հակամարտության էջը։ Նա ընդգծել է, որ միջազգային ժյուրիի՝ մրցանակը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հանձնելու որոշումը համաշխարհային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու ուժեղ ակտ է։

Զայեդ մրցանակը ստանալու կապակցությամբ Փաշինյանը հատուկ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ նրա անձնական ներգրավվածությունն ու խաղաղության նկատմամբ նվիրվածությունը որակելով որպես հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական գործոն։ Նա հավելել է, որ հույս ունի մի օր կմասնակցի Նոբելյան խաղաղության մրցանակով Թրամփին պարգևատրելու արարողությանը։
ՀՀ վարչապետը նաև իր գնահատանքն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր հայր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանին՝ շնորհակալություն հայտնելով նրանց խաղաղության և մարդկային եղբայրության խթանման գործում ունեցած դերի համար։