ՄԱԿ-ը պատմական ֆինանսական ճգնաժամի առջև է հայտնվել՝ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ նախազգուշացնելով անդամ պետություններին, որ չվճարված անդամավճարները և բյուջետային հնացած կանոնները սպառնում են կազմակերպության ծրագրերի իրականացմանը և ստեղծում «անխուսափելի ֆինանսական փլուզման» ռիսկ: Նա այս իրավիճակը խիստ սպառնալիք է համարել ՄԱԿ-ի համաշխարհային առաքելության համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նամակով դիմել է կազմակերպության անդամ պետություններին՝ զգուշացնելով ՄԱԿ-ին սպառնացող, մեջբերում, «ֆինանսական անխուսափելի փլուզման» մասին։ Հունվարի 28-ով թվագրված փաստաթուղթը վկայում է չվճարված անդամավճարների հետևանքով ստեղծված կրիտիկական իրավիճակի մասին, մատնանշում բյուջետային այն կանոնի լրջագույն խնդիրը, որը պահանջում է չծախսված միջոցների վերադարձ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս զգուշացրել է կազմակերպությունում դրամական միջոցների սղության խնդրի սրման մասին, սակայն այս հայտարարությունը մինչև օրս նրա ամենակոշտ և ուղիղ նախազգուշացումն է։ Այն հնչում է մի փուլում, երբ ՄԱԿ-ի խոշորագույն դոնորը՝ Միացյալ Նահանգները, տարբեր ուղղություններով հետ է կանգնում բազմակողմ գործակցությունից։ ՄԱԿ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին ուղղված նամակում Գուտերեշն ասել է․ մեջբերում
«Ճգնաժամը խորանում է՝ վտանգի տակ դնելով ծրագրերի իրականացումը և ստեղծելով փլուզման իրական սպառնալիք։ Առաջիկայում իրավիճակը միայն կվատթարանա»։
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ անդամավճարների չափը հաշվարկվում է տվյալ պետության տնտեսական հնարավորություններից ելնելով։ Կազմակերպության կանոնավոր բյուջեի 22 տոկոսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին, երկրորդ խոշոր ներդրողը Չինաստանն է՝ շուրջ 20 տոկոսով։
2025-ի տարեվերջին ՄԱԿ-ի 48 անդամ պետություն դեռ ամբողջությամբ չէր մարել իր անդամավճարային պարտավորությունները։ Այդ երկրների թվում էին թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանը, իսկ Չինաստանն ամբողջությամբ կատարել էր իր ֆինանսական պարտավորությունները։ Ավելի ուշ ՄԱԿ-ի ղեկավարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը ևս վճարել է մնացած 71 միլիոն դոլարը։
Հայաստանը ՄԱԿ–ի անդամ է 1992 թ. մարտի 2-ից՝ անկախության հռչակումից հետո և վճարում է անդամակցության տարեկան վճարը։ Ըստ համացանցային աղբյուրների՝ միայն 2025-ին կառավարությունը շուրջ 238 հազար դոլար է փոխանցել ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե՝ որպես տարեկան անդամավճար։ Հայաստանը ներառվել է նաև ՄԱԿ-ի «Պատվո ցուցակում», որը ընդգրկում է այն երկրները, որոնք իրենց անդամավճարները ամբողջությամբ և ժամանակին են վճարել՝ սովորաբար տարվա սկզբին։ Հայաստանի վճարը համեմատաբար փոքր է։
Եթե երկիրը 2 տարի և ավելի չի վճարում ՄԱԿ-ի անդամավճար, կարող է կորցնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքը։ Սա չի ենթադրում չեղարկել անդամակցությունը։ Քվեարկության իրավունքը կարող է վերականգնվել, երբ պարտքը մարվի։ Հումանիտար կամ տնտեսական ճգնաժամ ունեցող երկրներին երբեմն թույլ են տալիս ժամանակավոր բացառություն։
ՄԱԿ-ի խոշորագույն ներդրողը՝ Միացյալ Նահանգները, կրճատել է կազմակերպության գործակալություններին տրամադրվող կամավոր ֆինանսավորումը և հրաժարվել է պարտադիր վճարումներից ինչպես կանոնավոր, այնպես էլ խաղաղապահ գործողությունների բյուջեին։ Թրամփը, չհերքելով ՄԱԿ-ի՝ իր ձևակերպմամբ «հսկայական ներուժը», միաժամանակ հայտարարել է, որ կազմակերպությունը չի կարողանում այն արդյունավետորեն իրացնել, ինչի ֆոնին և ինքը նախաձեռնել է այլընտրանքային «Խաղաղության խորհրդի» ստեղծումը։
ՄԱԿ-ի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները ներկայում կազմակերպությանը պարտք է 2.19 միլիարդ դոլար։ Վաշինգտոնը ՄԱԿ-ին պարտք է ևս մոտ 1.88 միլիարդ դոլար՝ խաղաղապահ առաքելությունների համար։ Պետդեպարտամենտը դեռ չի արձագանքել։
Գուտերեշը նշել է՝ կազմակերպությունը կանգնած է ծանր ընտրության առաջ․ կամ անդամ պետությունները լիարժեք և ժամանակին կկատարեն ֆինանսական պարտավորությունները, կամ անհրաժեշտ կլինի հիմնարար կերպով վերանայել միջազգային կառույցի ֆինանսական կանոնները։
Չնայած 2026-ի բյուջեն նախատեսվում է կրճատել 7 տոկոսով՝ հասցնելով 3.45 միլիարդ դոլարի, ՄԱԿ-ը կարող է արդեն հուլիսին կանգնել ֆինանսական սուր խնդրի առջև։ Գուտերեշի խոսքով՝ ստեղծված իրավիճակի առանցքային պատճառներից մեկը բյուջետային հնացած կանոնն է, որը պարտադրում է ամեն տարի անդամ պետություններին վերադարձնել հարյուր միլիոնավոր դոլարներ՝ որպես «չծախսված» միջոցներ։