Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած նոր փաստաթղթերում կան լուսանկարներ, որոնցում Մեծ Բրիտանիայի նախկին արքայազն Էնդրյուն պատկերված է չորեքթաթ՝ կռացած դեպի հատակին պառկած կինը․ գրում է CNN-ը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախկին արքայազնին կոչ է արել ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում սեռական հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի մասին։
Ըստ հրապարակման՝ Էփշտեյնի գործով վերջին փաստաթղթերը պարունակում են նաև Էփշտեյնի և արքայազն Էնդրյուի միջև 2010 թվականի օգոստոսի էլեկտրոնային նամակագրություն, որում նախկին ֆինանսիստը նախկին արքայազնին հրավիրում է Լոնդոն՝ իր «ընկերոջ» հետ ընթրիքի։
Արքայազն Էնդրյուն պատասխանում է, որ «ուրախ կլինի տեսնել նրան», և խնդրում է նրան փոխանցել իր կոնտակտային տվյալները։ Այնուհետև Էփշտեյնն «ընկերոջը» նկարագրում է որպես 26-ամյա ռուս կնոջ, որը «խելացի է, գեղեցիկ և վստահելի»։
Պարզ չէ, թե երբ կամ որտեղ են արվել լուսանկարները. փաստաթղթի հրապարակման հետ մեկտեղ լուսանկարների վերաբերյալ որևէ գրություն չի տրամադրվել: Միևնույն ժամանակ, բրիտանական թագավորական ընտանիքի նախկին անդամը միշտ հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբայր արքայազն Էնդրյուն զրկվել է իր բոլոր տիտղոսներից և այժմ հայտնի է որպես Էնդրյու Մաունթբեթեն-Վինձոր։