ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան գրառումը
Այս նամակը կարդացի ու հունվարի 30-ին մեծ ակնկալիքով գնացի ՀՀ գլխավոր դատախազի մոտ ընդունելության՝ 6 տարի առաջ իմ դիմումով վերաբացված հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության պատվիրատուներին, կազմակերպիչներին բացահայտելու գործով։
Ինձ ընդունեց ոչ թե ՀՀ գլխավոր դատախազը, այլ այս նամակի հեղինակ Հայկ Հովհաննիսյանը, որն այս գործով հսկող դատախազն է և գլխավոր դատախազի խորհրդականը։
Գործի հետ կապված իմ հարցերին չտրվեց ոչ մի բավարար պատասխան այն հիմնավորմամբ, որ նախաքննությանը չպետք է վնասենք։
Ես շատ դժգոհ դուրս եմ եկել այդտեղից ասելով՝ ո՞նց եք հանգիստ քնում, երբ չեք փորձում բացահայտել, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ին ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ 5-6 զինված ահաբեկիչ ներխուժեցին ՀՀ Ազգային ժողով, Հայաստանի խորհրդարան ու մի քանի րոպեում սպանեցին 8 պետական այրերի։
Հայաստանի իրավապահ մարմիններ ու դրանց պաշտոնյաներ, ՀՀ դատախազներ, քննիչներ, դուք ձեր տեղում չեք, քանի դեռ վերոնշյալ հարցի պատասխանը չեք տվել։
Ես՝ որպես դիմումատու, շարունակում եմ հանդիպում պահանջել ՀՀ գլխավոր դատախազից, որովհետև շատ կոնկրետ հարցեր ունեմ։ Այս պահանջը ՀՀ նախագահին ես ուղղել եմ դեռ 1999 թ., հոկտեմբերի 30-ին, երբ ամուսնուս աճյունը դեռ հուղարկավորված չէր, և մինչև վերջին շունչս շարունակելու եմ…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
