Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները երեք օր առաջ՝ գիշերը ժամը 02․10-ին ձերբակալել են 36 և 34-ամյա երկու տղամարդու։ Նրանցից մեկը ՍՊԸ-ի տնօրեն է։
Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու ու պատրաստելու հիմնավոր կասկածանքով կանգնեցրել են «Վազ» մակնիշի ավտոմեքենան՝ ձերբակալելով ու ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխելով թե՛ վարորդին և թե՛ ուղևորին, ավտոմեքենան էլ վերցվել է պահպանության։
Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվել է թղթյա փաթեթ, որ մեջ եղել է 0,09 գրամ մաքուր կշռով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և մեկ ապակյա կաթոցիչ։ Ուղևորը ոստիկանությանը հայտնել է, որ նախորդ օրը «Մարիխուանան» գնել է «Թելեգրամ» կայքից՝ 0,5 գրամի դիմաց վճարելով 10 հազար դրամ։
Նա նաև հայտնել է, որ թմրանյութը վերցրել է Շիրակի մարզի Ազատ գյուղի կամրջի մոտից՝ իր օգտագործման համար, կաթոցիչով էլ ծխել է թմրանյութի մի մասը։ Մեքենայի վարորդին ևս անձնական խուզարկության են ենթարկել, բայց նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզի քննչական բաժին։
Նշենք, որ թելեգրամյան ալիքներով թմրանյութերի առուվաճառքն այս քաղաքում ուղղակի ծաղկում է․ բազմիցս ենք անդրադարձել նման դեպքերի, հրապարակել են նաև, որ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում բազմաթիվ գործեր կան հարուցված՝ ռուսական ռազմաբազայի զինծառայողների նկատմամբ, որոնք թելեգրամյան ալիքներով շատ հաճախակի են թմրանյութեր պատվիրում ու դրանք վերցնում Մարմարաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհից։
Ոստիկանությունն իր հերթին պարբերաբար բացահայտումներ է կատարում, սակայն ակնհայտ է, որ նրանց կատարած աշխատանքից թմրանյութերի ազատ առուվաճառքից օգտվողների թիվը չի նվազում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: